Մինսկի բանակցությունները շարունակվել են հինգուկես ժամ եւ «ծանր ընթացք են ունեցել»

Մինսկում ավարտվել է Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերով զբաղվող շփման խմբի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, բանակցությունները շարունակվել են մոտավորապես հինգուկես ժամ:

Մինսկի բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվն առայժմ հարցականի տակ է: Այդ մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Պուշիլինը՝ ամփոփելով շփման խմբի նիստի արդյունքները: Նա ընդգծել է, որ հանդիպումը նախապատրաստական բնույթ էր կրում եւ ծանր ընթացք է ունեցել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ դեկտեմբերի 26-ին կարող է անցկացվել եւս մեկ հանդիպում: Այդ կապակցությամբ Պուշիլինը նշել է, որ հաջորդ հանդիպման ամսաթիվն «առայժմ հարցականի տակ է» եւ «քննարկվում է»:

Մինսկի բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ԴԺՀ-ի լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, ԼԺՀ-ի լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն, ինչպես նաեւ Ուկրաինայում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հայդի Տալյավինին եւ Կիեւում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը:

Դեկտեմբերի 24-ին ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր, որ Մինսկի հանդիպման գլխավոր հարցը կդառնա գերիների փոխանակման հետ կապված իրադրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում