Էրդողանը հաշվեհարդար է տեսնում Աթաթուրքի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակակից թուրքերենի բառապաշարով անհնարին է գիտություն և փիլիսոփայություն ստեղծել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Էրդողանը հայտարարել է Թուրքիայի գիտատեխնիկական ուսումնասիրությունների ընկերության (TՆBİTAK) աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

Էրդողանը քննադատել է Թուրքիայի Հանրապետության ստեղծման շրջանում Աթաթուրքի կողմից արաբատառ օսմաներենից հրաժարվելու և անգլիատառ թուրքերենին անցնելու 1923 թվականին իրագործված «Լեզվական հեղաշրջումը»:

«Ներկայում թուրքերենում առկա բառապաշարով փիլիսոփայություն և գիտություն չենք ստեղծի: Կամ պետք է դիմենք օսմաներենին, կամ էլ անգլերենին, գերմաներենին, ֆրանսերենին: Մենք ունենք հարուստ օսմաներեն, որը կորցրեցինք մեկ գիշերվա մեջ: Հազարավոր բառեր և արտահայտություններ մոռացվեցին և հանվեցին բառարաններից», -ասել է Էրդողանը:

Էրդողանի այդ ելույթը թուրք լեզվագետները գնահատել են որպես «հաշվեհարդար Աթաթուրքի հետ»: Թուրք լեզվագետ Էմին Օզդեմիրն այդ առնչությամբ ասել է. «Ներկայիս իշխանությունների նպատակը ազատ մտածողությունը վերացնելու, լեզվական զգացողությունն աղքատացնելու միջոցով ազգային մտածողությունը մարելն է: Այստեղ թիրախը Աթաթուրքն է»:

Օսմաներենին վերադառնալու, դպրոցներում կրոնական դասաժամերը առաջին դասարանից սկսելու, կրոնական վարժարանների թիվը մեծացնելու շուրջ Էրդողանի ակտիվացած նախաձեռնությունները թուրքական առաջադեմ հանրությունը գնահատում է որպես Աթաթուրքի ստեղծած աշխարհիկ պետական կառուցվածքից հրաժարում և Թուրքիան դեպի իսլամացում տանելու ծրագրի իրագործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում