Արցախի խորհրդարանը հաստատել է ԼՂՀ 2015թ. պետբյուջեի մասին օրենքը

Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը, որին ներկա են եղել կառավարության անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը ներկայացրել է բյուջետային՝ օրենսդիր-գործադիր քննարկումների երկրորդ փուլով գրանցված առաջարկություններն ու պատասխանները` խորհրդարանի հաստատմանը ներկայացնելով «ԼՂՀ 2015թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակը (եկամուտներ՝ 83,246.3մլն դրամ, ծախսեր` 88,127.6մլն դրամ և դեֆիցիտը՝ 4,881.3 մլն դրամ):

Վարչապետ Արայիկ Հարությունյանը, եզրափակիչ ելույթում ներկայացնելով պետական բյուջեով նախատեսվող հիմնական ծրագրային ուղղություններն ու գերակայությունները, ընդգծել է, որ 2015 թվականը կլինի սոցիալական
աջակցման տարի։

Այնուհետև լսվել են Ազգային ժողովի՝ «Արցախատուն» պատգամավորական խմբի, «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն» և «Հայրենիք» պատգամավորական խմբակցությունների տեսակետները՝ գալիք տարվա պետական ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերաբերյալ:

Խորհրդարանը նախ ընդունել է ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծն ուղեկցող՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» և դրա հետ կապված օրենքների փաթեթը, «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները, ապա 29 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի նախագիծը, երկրորդ ընթերցմամբ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015-2017թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքը:

Նիստի ավարտին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի աշխատանքները՝ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում