Վրաստանի զինծառայողները կմասնակցեն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր առաքելությանը

Վրաստանի խորհրդարանը վավերացրել Է այն համաձայնագիրը, ըստ որի երկրի զինված ուժերի մեկ գումարտակ եւ մեկ վաշտ կմասնակցեն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր առաքելությանը, որը կրում է «Վճռական աջակցություն» անվանումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Համաձայնագրի շրջանակներում Վրաստանը լիակատար ֆինանսական պատասխանատվություն կկրի վրացական զորակազմին սննդամթերքով, վառելիքով եւ համազգեստով ու զենքով, ինչպես նաեւ բժշկական ծառայություններով ապահովելու, ինչպես նաեւ աշխատավարձ վճարելու համար»,-հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:

Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) առաքելությունն ավարտելուց հետո վրացի զինվորականները վեց ամսով ծառայություն կանցնեն Աֆղանստանում: Դրա հետ մեկտեղ համաձայնագիրը ենթադրում Է անհրաժեշտության դեպքում այդ ժամկետի երկարացում:

«Վճռական աջակցություն» առաքելությունը Աֆղանստանում կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից՝ ԱՄՆ-ի եւ դաշինքի գծով նրա դաշնակիցների գործողության ռազմական փուլի ավարտվելուց հետո: 2015 թվականի սկզբին Քաբուլում, Ղանդահարում, Հերաթում, Մազարի Շարիֆում կտեղաբաշխվի շուրջ 12 հազար մարդ: Առաքելությունը կլինի ոչ մարտական. նատօական զինծառայողները կկարողանան պաշտպանվել, բայց անվտանգության աֆղանական ուժերի հետ միասին չեն ներգրավվի մարտական գործողություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում