Բաքվում լռեցվեց ազատության վերջին մոհիկանի ձայնը

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործի հետաքննության շրջանակում Ադրբեջանի իրավապահ մարմինները դեկտեմբերի 26-ին կնքել են «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը: Գրասենյակը գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ:

Ավելի վաղ` Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հարցերով Հետաքննչական վարչությունը խուզարկել էր ռադիոկայանը: Խուզարկումն իրականացվել է քրեական գործի հետաքննությամբ պայմանավորված:Գրասենյակում անջատվել են հեռախոսները, համակարգիչները և ինտերնետը: Աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ իրենց համակարգիչներին: Դատախազության աշխատակիցները բռնագրավել են գրասենյակի համակարգիչները, բոլոր փաստաթղթերը և գույքը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` խուզարկությունը կազմակերպվել է ռադիոկայանի անկախ աշխատակից Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունից 3 շաբաթ անց:

Վերոնշյալ միջադեպին արձագանքել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Նենադ Փեյջը, ով խստորեն դատապարտել է Բաքվում ռադիոկայանի վրա կատարված հարձակումը: Նա Ադրբեջանի իշխանությանը մեղադրել է ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից վրեժ լուծելու մեջ: 

Փեյջը հայտարարել է, որ «Ազատության» Բաքվի գրասենյակի վրա  կատարված հարձակումը նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները:

«Երկրի ղեկավարության հրամանով իրագործված այդ քայլը «Ազատություն» ռադիոկայանը լռեցնելուն ուղղված ավազակության բաղկացուցիչ մասն է, անկախ լրագրության համար ռադիոյից վրեժ լուծելու ձեռնարկում: Ադրբեջանի վարչակարգը բազմիցս աշխատել է լռեցնել մեզ: Սակայն, ադրբեջանական ժողովրդի ազատ տեղեկատվություն ստանալն ապահովելու համար ստեղծված «Ազադլըգ» ռադիոկայանը երբեք չի դադարեցրել իր աշխատանքը, չի դադարեցնելու նաև այսուհետեւ, և ապահովելու է ադրբեջանական ժողովրդի ելքը դեպի ազատ տեղեկատվություն, շարունակելու է աշխատել լսարանի պահանջով լուրերի տարածման համար», – ասել է Նենադ Փեյջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում