Մայրաքաղաքում արդեն նկարազարդվել են 76 կամարանցումներ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում այսօր նկարազարդված է 76 կամարանցում, որոնցից 60-ի աշխատանքները կատարվել են ընթացիկ տարում:

Ձևավորված կամարանցումներում կատարվել են մեքենաների կանգառումն արգելող համապատասխան գծանշման աշխատանքներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել բոլոր այն կամարցումների վերաբերյալ, որտեղ հնարավոր է նկարազարդում իրականացնել, և մինչև տարեվերջ ավարտին հասցնել կամարանցումների գեղարվեստական ձևավորման ծրագիրը:

Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից, վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին անդրադառնալով’ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 807 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ որոշ համատիրություններ, նախատեսված ծրագրից բացի, իրենց նախաձեռնությամբ ձեռնարկել են լրացուցիչ աշխատանքներ շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ուղղությամբ:

Նախորդ շաբաթվանից մեկնարկել են մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների շաբաթօրյակները: Զեկուցվել է, որ սահմանվել է ժամանակացույց վարչական շրջանների բակային տարածքներում շաբաթօրյակների կազմակերպման համար: Քաղաքապետը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել նաև համատիրություններին:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև ամենօրյա հսկողություն իրականացնել և հնարավորին սեղմ ժամկետում ավարատել բազմաբնակարան շենքերի պատերին և հենասյուներին փակցված հայտարարությունների մաքրումն ու արտաքին պատշաճ տեսքի ապահովումը: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում սահմանազատված վայրերում հայտարարությունների ցուցատախտակների տեղադրումն ապահովելու ուղղությամբ:
Շարունակվում են հսկողությունը շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը ապահովելու, ինչպես նաև բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երևան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված իրավախախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Ընթացքի մեջ են վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար նորոգման աշխատանքներ են տարվում անցումների սալահատակները ասֆալտբետոնե ծածկույթով փոխարինելու համար’ հնարավոր սառցակալումների և հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ է նաև բակային տարածքներում գտնվող, սակայն չգործող ցայտաղբյուրների վերանորոգումը: Մի շարք ցայտաղբյուրներ արդեն վերագործարկվել և հանձնվել են բնակիչներին:

Շարունակվում է ամենօրյա հսկողություն իրականացվել հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ:

Նախորդ երկու ամիսների ընթացքում տեխնիկապես անբավարար վիճակում գտնվելու պատճաով երթուղիներից դուրս են բերվել մի շարք մեքենաներ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Հունիս-հուլիս ամիսներին կայացել է 38 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթ, որի արդյունքում հաղթել է 24 երթուղի:

Անդրադառնալով թափառող կենդանիների խնդրին և բնակչության կողմից բարձրացված դժգոհություններին ու անհանգստություններին’ քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել շուրջօրյա համակարգված աշխատանքը և ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցառումները’ ապահովելու համար բնակչության անվտանգությունը:

Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում շարունակաբար կազմակերպվում են մարզաառողջարարական միջոցառումներ, որոնց շրջանակում մի շարք մարզաձևերի առաջնություններն արդեն ավարտվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում