Երևանում շուտով չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց է բացվելու

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը Հայաստանի եւ Չինաստանի միջպետական համաձայնագրի շրջանակներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված 28 ուսանողների հանձնվել են կրթաթոշակներ’ ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

Կրթաթոշակները հանձնել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, հայտնում են ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունից:

Ողջունելով և բարձր առաջադիմություն մաղթելով’ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի Չինաստանի կողմից հատկացվել են ամենաշատ քանակությամբ տեղեր, որը, ըստ նախարարի, վկայում է հայ երիտասարդների’ Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին:

«Վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում աշխարհի բարձրակարգ բուհերի շարքում իրենց տեղն ունեն նաև Չինաստանի բուհերը, և պատահական չէ, որ տարեցտարի վերոնշյալ բուհերում սովորել ցանկացող հայ երիտասարդների թիվն ավելանում է, որի արդյունքում էլ խստացվում են մրցույթի պայմանները: Դուք մեր «դեսպաններ» ենք արտերկրում և որպես միջազգային կրթաթոշակակիրներ’ դուք պարտավոր եք պատվով ներկայացնել մեր երկիրը. ձեր ցուցաբերած բարձր առաջադիմության և վարքագծի շնորհիվ է նաև, որ արտերկրում պատկերացում են կազմում Հայաստանի մասին: Հավաստիացնում եմ Ձեզ, որ հայրենիք վերադառնալուց հետո դուք կգտնեք համապատասխան աշխատանք, որովհետև որակյալ մասնագետը միշտ էլ պահանջված է լինում»,- դիմելով ուսանողներին’ նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ այս տարի առաջին անգամ ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստան կայցելի 15 չինացի ուսանող:

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև ևս մեկ հայ-չինական նախագծի մասին’ մոտ ապագայում նախատեսվում է Երևանում բացել միջազգային չափանիշներին համապատասխան չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց:

Դեսպան Թիան Չանչունը, շնորհակալություն հայտնելով հայ երիտասարդներին’ չինական բուհերն ընտրելու համար, նշել է. որ Չինաստանը խրախուսում է ամբողջ աշխարհից օտարեկրյա ուսանողների ներգրավումը չինական բուհերում և հույս հայտնել, որ հայ երիտասարդներն իրենց ներդրումը կունենան հայ-չինական բարեկամության զարգացման և ամրապնդման գործում և վերադառնալով հայրենիք’ իրենց ստացած գիտելիքներով կնպաստեն երկրի զարգացմանն ու բարեկեցությանը:

Միջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում