Ադրբեջանի Նավթային քարերը` աշխարհի 5 դժոխքների շարքում

Եթե ուզում եք տեսնել դժոխքը, ապա այցելեք Բաքվի մոտ գտնվող Նավթային քարեր քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպես է գրել է Travel.obozrevatel.com-ը` ներկայացնելով աշխարհում մարդու բնակվելու համար ամենասարսափելի 5 վայրերը, որոնց շարքում դասել է նաեւ Կասպից ծովում Ադրբեջանի հայտնի Նավթային քարեր քաղաքը:

Պարբերականը գրում է, որ Կասպից ծովում բետոնե կղզում գտնվող Նավթային քարեր դժոխքը սկսել է կառուցվել 1949 թվականին: Այն ժամանակ ինչ-որ մեկի խելքին փչել էր, որ ծովի հատակից նավթի արդյունահանմամբ զբաղվող մարդիկ լավ կլինի բնակվեն հենց ծովում` աշխատանքի վայրին մոտ: Քաղաքը կառուցվեց երկաթբետոնե հարթակների, մետաղյա կառուցվածքների, բետոնե սալիկների եւ խորտակված հին նավերի վրա:

«Մեծ ցամաքից» կղզի կանոնավոր կերպով նավեր եւ ուղղաթիռներ էին գնում-գալիս: Այստեղ նոր տներ կառուցեցին, նույնիսկ ջանքեր գործադրեցին զբոսայգի գցել, հացի գործարան եւ ըմպելիքների արտադրամաս բացեցին…

Անցան տարիներ: Բետոնե շենքերը քայքայվեցին, էնտուզիազմը մարեց, նավթի արդյունահանման ծավալները նվազեցին: Զբոսայգին չորացավ, ենթակառուցվածքներից մնաց միայն էլեկտրական ենթակայանը եւ ջրապահովման համակարգը: Այնտեղ` «խրուշչովկաներում» եւ բարաքներում դեռեւս մարդիկ կան բնակվող. դրանք ոչ թե երիտասարդ մասնագետներն են, այլ հույսները կորցրած տարեց աշխատակիցներ:

Ներկայում աշխատում է Նավթային քարերի արդյունաբերական կոմպլեքսի միայն մեկ երրորդը: Ծովն աստիճանաբար լվացել է պլատֆորմը եւ տների առաջին հարկերը լցվել են ջրով: Ամեն տեղ լի է աղբով, ապակիները ջարդվել են: Բարաքների մեծ մասում մարդ չի բնակվում: Սակայն Նավթային քարերում դեռ բնակվողներ կան, քանի որ մարդիկ աշխատում են պլատֆորմում: Աշխատանքն այնտեղ նրանց միակ զվարճանքն է….», -գրում է պարբերականը:

Ադրբեջանի Նավթային քարերի շարքում պարբերականը ներկայացնում է եւս 4 դժոխային վայրեր` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի շրջակայքն ու Մուգադդամ ավանը, որտեղ մարդիկ հսկա քաղաքի աղբն օգտահանության են ենթարկում ձեռքով, Ձերժինսկի քաղաքի մոտ գտնվող` քիմիական թափոններով հարուստ Իգումնովո ավանը, Չինաստանում բորոտ հիվանդների համար գցված հատուկ քաղաքը, Հնդկաստանի Գանգ գետի ափին գտնվող մեռելների քաղաք Վարանասին: Այստեղ մարդիկ գալիս, կամ նրանց բերում են մահանալու: Այստեղ են բերում արդեն մահացածներին, որպեսզի այրեն նրանց դիակները, եւ նետեն գետը: Հ? ?դիկների համար Վարանասին հանդիսանում է այն վայրը, որտեղ մահացած մարդու հոգին երկինք է բարձրանում: Քաղաքը լի է մուրացիկներով եւ տարբեր խարդախներով: Դիակները այրելուց հետո մնացորդները նետում են Գանգ գետը, «սուրբ գետ» են հոսում նաեւ քաղաքի բոլոր աղտեղությունները: Քաղաքի բնակիչները լվացվում են գետի ջրով…

Հետևեք մեզ նաև Telegram-ում