Ադրբեջանում 14 տարեկանները քաղաքացու երդում կտան

Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի վավերացրել է «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 14 տարեկանը լրանալու ժամանակ բոլոր քաղաքացիները պետք է քաղաքացու երդում տան: Այդ դրույթը վերաբերվելու է նաեւ 14 տարեկանից բարձր անձանց, ովքեր արդեն ընդունել կամ վերականգնել են քաղաքացիությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է interfax.az լրատվական կայքը:

14 տարեկանը լրացած քաղաքացիները պետք է այդ երդումը տան ադրբեջաներենով, որը ունի հետեւյալ բովանդակությունը. «Ես (անուն, ազգանուն, հայրանուն) , որպես Ադրբեջանի հանրապետության քաղաքացի, այլ պետության ոչ մի պարտավորություն չեմ կրում: Պարտավորվում եմ հավատարիմ լինել Սահմանադրությանը եւ ԱՀ օրենքներին, հավատարիմ ծառայել ադրբեջանական պետությանը, պաշտպանել Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, հարգել ավանդույթներն ու մշակույթը»:

Երդումն անչափահասները պետք է տան «հանդիսավոր մթնոլորտում»` Ադրբեջանի դրոշի մոտ, ձեռքը Ադրբեջանի Սահմանադրության վրա դրած:

Երդում տված յուրաքանչյուր անչափահաս պետք է համապատասխան փաստթաթուղթ ստորագրի, որը հետո պետք է պահվի գործադիր իշխանության համապատասխան մարմնում:

Ինչպես երեւում է` ինքնության փնտրտունքների մեջ բանականությունը կորցրած հարեւան Ադրբեջանի քոչվոր իշխանությունները արհեստածին երկիրը դեպի ֆաշիզմ տանելուց բացի, այլ բան չեն կարող մտածել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում