Վաշինգտոնում Ադրբեջանի գծով քննադատական լսումներ են սկսվում

Վաշինգտոնում Ադրբեջանի գծով քննադատական լսումներ են սկսվում

Այսօր Վաշինգտոնում Ադրբեջանում ստեղծված իրավիճակին նվիրված քննադատական լսումներ են սկսվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումները, որոնք պետք է ընթանան «Ինչպես են խեղդում անկախ ձայներն Ադրբեջանում» խորագրի ներքո, կազմակերպել է Ժողովրդավարության պաշտպանության ազգային հիմնադրամը (NED):

Կազմակերպության կայքում նշվում է, որ «Ադրբեջանում աննախադեպ բռնաճնշումներ են իրագործվում ընդդիմադիր մարդկանց դեմ: Լրագրողների, իրավապաշտպանների, ակտվիստների ձերբակալությունները վախի մթնոլորտ են ստեղծում»:

«Ստեղծված իրավիճակը հարկադրում է մեզ նման միջոցառում անցկացնել` այդ երկրում իրադրությունը քննարկելու եւ դրանից դուրս գալու ուղիներ գտնելու համար», -ասվում է NED-ի կայքում:

Ենթադրվում է, որ լսումներում ելույթներով հանդես կգան Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Օդրի Ալըշթադտը, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Թոմաս Մելիան, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Քենան Քազըմօղլուն, NED-ի Ռուսաստանի եւ Եվրասիայի գծով տնօրեն Միրիամ Լանսկոյը:

Վաշինգտոնում ավելի վաղ անցկացված քննարկումների ժամանակ առաջարկություններ են հնչել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող Ադրբեջանի իշխանությունների դեմ:

ԱՄՆ սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ սենատոր Ռոբերտ Մենենդեսն օրերս նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում դատապարտել է քաղաքացիական հասարակության դեմ պայքարում բաղկացուցիչ մաս հանդիսացող ԶԼՄ-ների նկատմամբ ադրբեջանական կառավարության կողմից իրագործվող գրաքննությունը: Մենենդեսը Ալիեւին կոչ է արել դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի վրա կատարված հարձակումը, վերականգնել դրա գործունեությունը եւ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին: Սենատոր Մենենդեսը հայտարարել է, որ «Ադրբեջանում իրագործվող բռնաճնշումները խոչընդոտելու են ԱՄՆ-ի հետ Բաքվի հարաբերություններին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում