Թուրքիայում հեղաշրջում է ծրագրվում. փոխվարչապետ

Թուրքիայում հեղաշրջում է ծրագրվում. փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը հայտարարել է, որ որոշ ուժեր ծրագրում են մինչեւ այս տարվա հունիս տապալել երկրի կառավարությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Արինչը հայտարարել է Բուրսայում հանրության առաջ ունեցած ելույթում:

«Մենք կանգնած ենք դավաճանության դեմ երես առ երես: Մեկ տարի առաջ մեր կողմից ամեն կերպ աջակցություն ստացող անձինք դավաճանեցին մեզ: Նրանք փորձեցին ազդել մարտի 30-ի քաղաքապետական, հետո նախագահական ընտրությունների վրա: Այժմ էլ համագործակցելով որոշ ուժերի հետ` աշխատում են երկրում տապալել կառավարությունը մինչեւ հունիս», -ասել է նա` նշելով, որ Թուրքիայի ղեկավարությունը երբեք չի ներելու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ այդ ուժերի կատարած դավաճանությունները:

Թուրքիայի փոխվարչապետը նկատի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալը, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, այդ թվում այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները: Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում արդի իսլամի գաղափարախոս վտարանդի Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում