Այլատյացությունն ու ծայրահեղականությունը տեղ չունեն Գերմանիայում. Մերկել

Այլատյացությունն ու ծայրահեղականությունը տեղ չունեն Գերմանիայում. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բեռլինում ելույթ ունենալով իսլամաֆոբիայի դեմ անցկացված հանրահավաքում, հայտարարել է, թե եկել է ժամանակը միջոցներ ձեռնարկելու անհանդուրժողության ու բռնության դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Մենք պետք է արձանագրենք՝ կան ատելության քարոզիչներ, կան հանցագործներ, որոնք կրոնն օգտագործում են իրենց նպատակների համար: Փարիզի ահավոր իրադարձությունները դրա վշտալի օրինակն են»,- ասել է Մերկելը Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծաղկեպսակներ դնելու արարողությունից առաջ:

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ եկել է գործելու, Սահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կիրառելու ժամանակը: «Այլատյացությունը, ռասիզմն ու ծայրահեղականությունը չպետք է լինեն այս երկրում, եւ մենք պայքարելու ենք, որ դրանք չլինեն ոչ մի տեղ»,- ընդգծել է Մերկելը:

Գերմանիայի մի ամբողջ շարք քաղաքներում ակցիաներ են անցկացվել ի պաշտպանություն դավանանքի ազատության եւ հանդուրժողության, ինչպես նաեւ ընդդեմ իսլամատյացության եւ ԳՖՀ-ում թափ առնող «Եվրոպացի հայրենասերները դեմ են Հին աշխարհի իսլամացմանը» (PEGIDA) շարժման: Դրանք հավաքել են շուրջ հարյուր հազար մարդ: Միայն Լայպցիգում, կազմակերպիչների տվյալներով, ցույցին մասնակցել է 30 հազար մարդ, Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում՝ մոտավորապես 20 հազար, Հաննովերում՝ շուրջ 17 հազար մարդ:

Մինչդեռ Դրեզդենում PEGIDA-ի կազմակերպած երթին, որը դարձել է թվով 12-րդը, 25 հազար մարդ է մասնակցել: Լայպցիգում կայացած ցույցին, ոստիկանության տվյալներով, մասնակցել են հակաիսլամական շարժման մոտավորապես 4,8 հազար կողմնակիցներ: Նրանք պահանջել են ուղղումներ կատարել Գերմանիայի օրենսդրության մեջ եւ սահմանափակել ներգաղթյալների հոսքը երկիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում