Գյումրու ռուսական ռազմակայանից բողոքները շատացել են. ՌԴ-ում մտածում են արգելել արտասահմանում տեղակայված զորամասերում զորակոչիկների ծառայությունը

Գյումրու ռուսական ռազմակայանից բողոքները շատացել են. ՌԴ-ում մտածում են  արգելել  արտասահմանում տեղակայված զորամասերում զորակոչիկների ծառայությունը

Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանությունից հետո,  որն իրականացնելու մեջ կասկածվում է ՌԴ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, Ռուսաստանում քննարկվում է զորակոչիկների ծառայությունն արտասահմանում տեղակայված ռուսական  զորամասերում արգելման հարցը:

«Բարդ հարց է, մի կողմից՝ Ռուսաստանի վարկը չպետք է կախված լինի  պատահական մարդկանից, մյուս կողմից՝ չպետք է հապճեպ որոշումներ կայացնել»,-Газета.Ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը՝ նկատելով, որ պայմանագրայինները  պետության  համար ավելի թանկ կարժենան:

Ռուսաստանի Դումայի  պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցեվիչը այս գաղափարին դեմ չէ, բայց նույնպես ընդունում է, որ ծախսերը մեծանալու են, քանի որ պայմանագրայինների  դեպքում  սոցիալ-կենցաղային բոլորովին այլ պայմաններ պետք է լինեն՝  չհաշված գումարային  պահանջները: Կլինցեվիչն առաջարկում է հարցը քննարկել  պաշտպանական գերատեսչության մասնագետների հետ և միայն լուրջ վերլուծությունից և հաշվարկներից հետո ՌԴ ՊՆ-ին կոնկրետ առաջարկ ներկայացնել: Միաժամանակ,  Կլինցեվիչն  առաջ է քաշում  ռոտացիոն սկզբունքի կիրառման հարց. «Օրինակ՝ եթե հնգամսյա գործուղում լինի, որից հետո  ռոտացիա, կարելի է մտածել»:

Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովն իր հերթին նկատում է, թե  ժամկետայիններին պայմանագրայիններով  փոխարինելու համար պարտադիր չէ ներգրավել կամ վարձել այսպես ասած՝ նոր կռվողների, բավական է այլ զորամիավորումներից զինծառայողների տեղաբաշխում կատարել: Ըստ նրա՝ այս դեպքում «կոմանդիրովչնիների» հաշվին պահանջվելիք գումարի 30-40 տոկոս աճ կունենան: Սիվկովը հիշեցնում է, որ ՌԴ սահմաններից դուրս ներկա պահին զինվորական ծառայություն է իրականացնում շուրջ 9.000 ժամկետային, ընդ որում՝ 2-3.000-ը Բելառուսում և Տաջիկստանում, մնացածը՝ Հայաստանում, Աբխազիայում, Հարավային  Օսիայում:

Սիբիրի ռազմական օկրուգի հետախուզության նախկին ղեկավար Սերգեյ Կանչուկովի կարծիքով՝  զինծառայողը պետք է որոշակի հումանիտար պատրաստություն անցնի, այն է՝ ուսումնասիրի տվյալ երկրի, ազգի պատմությունը, տեղի սովորույթները, ինչ-որ չափով տիրապետի լեզվին, ինչը ոչ միայն հաղորդակցման, այլև  բնակիչների  նկատմամբ հարգանք  դրսևորելու միջոց է:

Գյումրիում  ռուսական ռազմաբազան իր գործունեությունը  շարունակելու է մինչև 2044 թվականը, ըստ այդմ՝ լավ կլինի հետևել  Կանչուկովի խորհրդին, առհասարակ, բարելավել  ռազմաբազայում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը և ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև՝ խիստ լինել օտար երկրում զինակոչիների ընտրության հարցում, քանի որ նույնիսկ ռուս փորձագետներն են վկայում, որ վերջին տարիներին ռազմակայանում տիրող վիճակի, մթնոլորտի վատթարացում է նկատվում: Մասնավորապես, Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեի պատասխանատու քարտուղար Վալենտինա Մելնիկովայի պնդմամբ, Գյումրիում  տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից 2013թ. -ից սկսած բողոքները շատացել են՝ վստահեցնելով, որ 2009-2013թթ. այդ զորակայանից ընդհանրապես բողոքներ չէին հնչում:

«2013թ. վերջից այդ զորակայանից շատ հաճախ սկսվեցին բողոքներ հնչել: Չեմ կարող ասել, որ դրանք զանգվածային էինք, բայց, այնուամենայնիվ, կային: Հիմնականում բողոքում էին, որ զինծառայողների ձեռքից վերցնում են փողերը, նվաստացնում, ժամանակին չեն ուղարկում հոսպիտալ՝ բուժվելու: Ընդ որում, մեզ  դիմած զինվորները ոչ թե մեղադրում էին իրենց ծառայակիցներին կամ զորամասի բարձր հրամկազմին, այլ կրտսեր հրամանատարներին»,-շարունակում է Մելնիկովան՝ հավելելով, որ փողերի հափշտակման հարցով զինվորական դատախազություն դիմելուց հետո, նման  դեպքերը դադարել են:

Հիշեցնենք, որ Ռուսական Московский комсомолец‎-ի հետ զրույցում Գյումրիի սպանդն իրականացրած Վալերի Պերմյակովի ծառայակից ընկերները պատմել էին, որ նա ռազմակայանն  առաջին անգամ չէ, որ լքել է:

Մարիամ Պետրոսյան

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում