Էրդողանը նախագահական պալատի անունը վերանվանում է մեդրեսե

Էրդողանը նախագահական պալատի անունը վերանվանում է մեդրեսե

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով երկիրը բացահայտ կերպով տանում է իսլամացման, որոշել է Անկարայում Աթաթուրքի անվան անտառաշերտի զգալի մասը վերացրած վայրում նորակառույց նախագահական պալատը վերակոչել մեդրեսե (կրոնական վարժարան): Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Կրոնական վարժարանի շրջանավարտ Էրդողանն իր այդ որոշման մասին հայտարարել է` պալատ ճաշի հրավիրելով 16 թուրք ակադեմիկոսների, որոնց համար կազմակերպված ընդունելությունն անվանվել է «Նախագահական ճաշասեղան»: Էրդողանը ակադեմիկոսներին հայտնել է, որ նախագահական պալատի շինարարոթյունն ամբողջապես ավարտվելուց հետո մտադիր է այն վերանվանել «Նախագահական մեդրեսե»` նկատի ունենալով Օսմանյան կայսրության ժամանակ կրոնական վարժարանները:

Թերթը նկատում է, որ հենց 16 ակադեմիկոսներ հրավիրելու փաստը խոսում է այն մասին, որ Էրդողանը դրանով մեկ անգամ եւս ակնարկել է պատմության մեջ 16 թուրքական պետություններ լինելու փաստը:

Նախօրեին Էրդողանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին ընդունել էր նախագահական պալատի աստիճանների վրա` շրջապատված 16 տարբեր թուրքական պետությունների հանդերձանքներ հագած զինվորներով, ինչը ծաղրի առարկա էր դարձել ամբողջ Թուրքիայում: Կատարվածը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում: Շատ թուրք եւ օտարերկրացի օգտատերեր տարբեր ծաղրանկարներ են հրապարակել եւ «Ողջ երկիրն ասես Սինգապուրի տաղավար լինի», «Այս երկրում որեւէ հոգեբույժ չկա՞», «Կատակերգության արքա» ծաղրական գրառումներ արել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում