Ադրբեջանը կսկսի զարգանալ, երբ բոլոր փողերը կգողացվեն. քաղաքագետ
Նմանատիպ
Ադրբեջանը կսկսի զարգանալ այն բանից հետո, երբ բոլոր ժողովրդական փողերը կգողացվեն, իսկ իշխող վերնախավը կհեռանա երկրից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
Նա նշել է, որ Ադրբեջանը դիպուկ նկարագրել է իտալացի գրող Ջաննի Ռոդարին` իր «Չիպոլինոյի արկածները» գրքում: «Մենք ունենք մեր Չիպոլինոն, մեր արքայազն Կիտրոնը, ասպետ Լոլիկը, որն էլ կառավարում է ժողովրդին», -ասել է նա:
Մեկնաբանելով նավթի համաշխարհային գների սրընթացորեն անկման հետ կապված` Ադրբեջանում ստեղծված սոցիալ-քաղաքական-տնտեսական իրավիճակը, Ալիզադեն նշել է, որ երկրի իշխանության գլուխ Իլհամ Ալիեւը նավթային եկամուտներից կուտակած միլիարդների հաշվին դեռեւս կարող է շարունակել իր անհեռանկար քաղաքականությունը: «Հարցի էությունը հասարակ է. մեր վերնախավը սովորել է մեծ փողեր յուրացնել` թալանելով սեփական ժողովրդին: Այսօր նավթի գներն ընկել են, բայց վերնախավի ախորժակը մնացել է նույնը: Նրանք շարունակելու են թալանել սեփական ժողովրդին այնքան ժամանակ, քանի կառավարում են: Ադրբեջանը կսկսի զարգանալ այն բանից հետո, երբ բոլոր փողերը կգողացվեն, եւ վերնախավը կլքի երկիրը», -ասել է Ալիզադեն:
Նրա խոսքով` Ադրբեջանը հանդիսանում է վատ կառավարման դասական օրինակ: «25 տարվա անկախության ընթացքում, որի 10 տարիներին երկրին նավթադոլարներ են մատակարարվել, մենք չենք կարողացել ոչ տնտեսություն, ոչ ձեռնարկություններ ստեղծել, որոնք կարող էին մեզ ազատել նավթային կարթից: Մենք ապրում ենք պորտաբուծական պետությունում», -նշել է նա:
Մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող Ադրբեջանի դեմ Արեւմուտքի կողմից պատժամիջոցներ չկիրառվելու հետ կապված` Ալիզադեն ասել է, որ Վաշինգտոնի համար Ադրբեջանն այնքան անկարեւոր երկիր է, որ ոչ ոք «չի կեղտոտի ձեռքերը» նրա հետ: «Ադրբեջանը բոլոր առումներով անվտանգ երկիր է ԱՄՆ-ի համար: Այն նավթ է տալիս Արեւմուտքին, տարանցիկ երկիր է Աֆղանստան փոխադրումների համար, «Իսլամական պետության» համար «զինկոմիսարիատ» է հանդիսանում (այնտեղ գրոհայիններ են ուղարկում, որոնց հետո սպանում են), Իրանի դեմ գործողությունների պլացդարմ է դարձել: Իսկ այն, որ Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարվում են, ԱՄՆ-ի համար ցավ չէ: Եթե մեր ժողովուրդն իր իրավունքներին անտարբեր է, ապա ինչու՞ պետք է Վաշինգտոնն անհանգստանա նրա իրավունքների համար», -համոզմունք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում