Պուտինին G7-ի գագաթնաժողովին հրավիրելու հնարավորություն առայժմ չկա. Մերկել

Պուտինին G7-ի գագաթնաժողովին հրավիրելու հնարավորություն առայժմ չկա. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով՝ շանսեր չկան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհրավիրվի G7-ի երկրների հաջորդ հանդիպմանը, որը տեղի է ունենալու Գերմանիայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«G7 խումբը եւ G8 նախկին խումբը միշտ էլ իրեն համարել է միասնական արժեքների հանրակցություն: Ղրիմի միացումը, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է, եւ Ուկրաինայի արեւելքի իրադարձություններն այդ ընդհանուր արժեքների լուրջ խախտում են»,- հայտարարել է Մերկելը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը հրապարակվելու է հունվարի 16-ին: Ուստի, նրա խոսքով, «ներկա փուլում» չկան այն բանի շանսեր, որ Պուտինը կհրավիրվի G7-ի գագաթնաժողովին, որն ընթացիկ տարվա հունիսին կկայանա Բավարիայում:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ G7-ի գագաթնաժողովը Գերմանիայում տեղի կունենա հունիսի 7-8-ին: «Մեծ յոթնյակի» նախագահությունը 2014 թվականի հուլիսի 1-ից անցել է Գերմանիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում