Սիրիական բանակը Դարաայում թեժ մարտեր է վարում ահաբեկչական խմբավորումների դեմ

Սիրիական բանակը Դարաայի Մունշիա թաղամասում ռազմական գործողություններ իրականացնելիս տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել, նաև ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Մունշիա թաղամասի արևմտյան հատվածում շարունակվում են բախումները ահաբեկչական խմբավորումների և բանակի միջև: Թաղամասը համարվում է Հորդանանի տարածքից Սիրիա զինյալների ներխուժելու և տարածվելու հայտնի կետերից մեկը:

Բացի այդ, սիրիական բանակը Դարաա քաղաքի հյուսիս-արևմւոտքում գտնվող Մազիրիբ գյուղաքաղաքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամների է ոչնչացրել, ինչպես նաև նրանց զինապահեստները: Սպանված զինյալների մեծամասնությունը արտասահմանյան տարբեր երկրների քաղաքացիներ են:

Գյուղաքաղաքը նույնպես գտնվում է Հորդանանի սահմանի մերձակայքում, որտեղով զինյալները մտնում են սիրիական տարածք:

Աղբյուրը տեղեկացնում է, որ հատուկ նշանակության ուժերը բնակիչների հետ համագործակցության արդյունքում Համա քաղաքի արևմտյան Մաշթալ շրջանում զինյալներին պատկանող զինապահեստ են հայտնաբերել, որտեղ եղել են տարբեր տեսակի զենքեր, պայթուցիկ սարքավորումներ: Պահեստում ձերբակալվել են 2 ահաբեկիչներ:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ: Զինված ընդդիմադիրների շարքերում կռվում է ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում