Գերմանական մամուլը քարկոծում է Ալիևին

Ադրբեջանի նախագաh Իլհամ Ալիևի Գերմանիա կատարած աշխատանքային այցի հետ կապված գերմանական մամուլում հերթական սկանդալային հրապարակումն է տեղ  գտել:

Միլիոնից ավելի տպաքանակ ունեցող հանդեսն իր ընթերցողներին հանգամանորեն տեղեկացրել է Ալիևի ղեկավարած Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված խայտառակ իրավիճակը: «Ադրբեջանի նախագահ Ալիևը կալանքի տակ է պահում լրագրողներին և բլոգերներին» վերտառությամբ հոդվածում հանդեսն անդրադարձել է ազատ միտք արտահայտող լրագրողների դեմ այդ երկրում իշխանությունների կողմից իրագործվող հետապնդումների եւ ճնշումների մասին:

«Այսօր Ալիևը պետք է հանդիպի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանում քննադատական ձայների դեմ շարունակվող աննախադեպ բռնաճնշումների պայմաններում: Այդ ավտորիտար երկրում նվազագույնը 12 լրագրող և բլոգեր կան ձերբակալված», -գրում է հանդեսը:

Հանդեսը նշում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» և միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ Անգելա Մերկելին կոչ են արել Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող Ադրբեջանում խոսքի ազատությունը կոպտորեն ոտնահարվելու հարցը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում