Ալիևի գերմանական «արկածները» համաշխարհային մամուլի դիտակետից

Մինչ Դավոսում կմեկնարկեր Համաշխարհային տնտեսական ֆորումը , որին այս տարի Թուրքիայի հրավերով մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Գերմանիայում կայացավ նրա հանդիպումը կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Սակայն Բեռլինում Ալիևին այնքան էլ գրկաբաց չընդունեցին: Մեր հարևան երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման աղմկահարույց դեպքերը չէին կարող անտարբեր թողնել իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներին ` արտահայտելու իրենց բողոքը:

Amnesty International-ի տեղեկություններով, ադրբեջանական բանտերում ներկա պահին 22 քաղբանտարկյալ կա, որոնց թվում են նաև նշանավոր իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու հայտնի լրագրող Խադիջա Իսմաիլովան:

«Մենք ակնկալում ենք, որ դաշնային կանցլերը Ալիևի հետ զրույցում պետք է հստակ քննադատի Ադրբեջանի կառավարության դաժան վերաբերմունքը ընդդիմադիրների նկատմամբ»-ի  Deutsche Welle-ի հետ զրույցում նշել է Amnesty International-ի գերմանական բաժնի գլխավոր քարտուղար Սելմին Կալիսկան:

Human right watch–ը ևս դիմել էր Անգելա Մերկելին` նշելով . «Մերկելը չպետք է բաց թողնի հնարավորությունը ինչպես առանձին, այնպես էլ հրապարակային հանդիպումների ժամանակ` ստիպելու Ադրբեջանի նախագահին դադարեցնելու մարդու իրավունքների վրա իր գրոհները»,- նշել է Հյու Ուիլիմասոնը, ով Եվրոպայի և Կենտրոնական հարցերով Human Rights Watch-ի նախագահն է:

«Եվորպական պլատֆորմ հանուն դեմոկրատական ընտրությունների» և «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ն կանցլերի նստավայրի մոտ Ալիևին դիմավորեցին պիկետով: Պաստառների վրա քաղբանտարկյալների նկարներն էին, իսկ նրանք ռուսերեն և անգլերեն լեզուներովմիասնական բղավում էին. «Վերջ տվեք Ալիևի դիկտատուրային» «Հանուն առանց քաղբանտրակյալների Ադրբեջանի», «Հանուն դեմոկրատական, առանց Ալիևի Ադրբեջանի» և այլն:

Մերկելը, Ալիևը և մարդու իրավունքները

Ալիև-Մերկել համատեղ ասուլիսն, ինչպես և սպասվում էր, առանց միջադեպերի չանցավ: Մերկելն ընդհանուր գծերով պատմեց Ալիևի հետ իր բանակցությւոնների թեմաները: Թեմաներից մեկը Հարավային գազային միջանցքն է, որին Գերմանիան աջակցում է էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակով:

Կանցլերը և նախագահը քննարկել են նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, որի խաղաղ կարգավորման գործընթացում Գերմանիան պատրաստ է մասնակցել:

Եվ խոսվեց նաև այնքան սպասված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման թեմայի մասին:

Համաշխարհային պարբերականները չեն թաքցնում իրենց զարմանքը այդ կապակցությամբ Ալիևի կատարած մեկնաբանության վրա:

Այս թեմային մասնավորապես անդրադարձել են հեղինակավոր Ռոյթերս, Ազատություն ռադիոկայանի եվրոպական ծառայությունը, Շպիգել պարբերականները;

Հրապարակումներում նշվում է, որ Իլհամ Ալիևին այս թեմային մեծ կարևորություն չի տալիս: Գերմանացի լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք Ալիևին չի հուզում այն հանգամանքը, որ իր երկիիրը ազատ մամուլի համաշխարհային սանդղակում զբաղեցնում է 160-րդ տեղը:

Սակայն, ի զարմանս բոլորի, Ալիևը ցնցող հայտարարություն կատարեց. «Ադրբեջանը խնդիր չունի ազատ մամուլի և իմ սեփական հեղինակության հետ: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ բնակչության ավելի քան 90 տոկոսը պաշտպանում է ինձ»:

Այնուհետև Ալիևը հրամցրեց իրենց քարոզչամեքենայի կողմից այնքան լավ փաթեթավորված քարոզչաբլիթները տնտեսության աննախադեպ աճի , գործազրկության կրճատման և երկրի հաջողությունների վերաբերյալ:

Նա նաև հավելեց, որ իրենց երկրում բազմաթիվ հրատարակչություններ կան, որոնցից օգտվում են բնակչության մոտ 75 տոկոսը: Իսկ մամուլի վրա բացակայում է գրաքննությունը:

Միջադեպ ասուլիսի ժամանակ

Գերմանիայի կանցլերն ինքն էր զարմացած Ալիևի նման հայտարարությունից, սակայն չհակադարձեց նրան, միայն հավելեց, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է և պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, դեմոկրատական և իրավական պետության հիմնարար սկզբունքները:

Մերկելն ընգծեց, որ Գերմանիայում շահագրգռված են, որպեսզի գերմանական ֆոնդերը Ադրբեջանում աշխատեն հուսալի իրավական հիմքի վրա, այնուհետև ավելացրեց, որ այդ հարցում տարակարծություն ունեն Ալիևի հետ:

Սակայն Ալիևի տրամադրությունը վերջնականապես փչացրեց լրագրողներից մեկը, ով Ալիևի և Մերկելի նկարվելու ժամանակ իր տեղից վեր բարձրացավ և կոչ արեց ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Կանցլերի անվտանգության աշխատակիցները թողեցին, որպեսզի նա մինչև վերջ արտահայտի իր սրտի կամեցածը և չխանգարեցին նրան:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում