Անցյալ տարի ԼՂՀ բյուջե է մուտքագրվել 30 մլրդ 72 մլն դրամ

ԼՂՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանն, ամփոփելով ծառայության 2014 թվականի գործունեության արդյունքները, հայտնել է, որ անցյալ տարի հարկային եկամուտների եւ պետական տուրքի մասով բյուջե է մուտքագրվել 30 մլրդ 72 մլն դրամ, որը պլանավորված 30 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցել է 0.2 %-ով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Karabakh-open.info-ն, հարկային եկամուտների եւ տուրքերի 68.5 %-ը ապահովել են խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկ վճարողները, 15.5 % -ը` Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչությունում եւ 16 %-ը` մնացած 7 շրջանների հարկային տեսչություններում հաշվառված հարկ վճարողները:

«Նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով մուտքերն աճել են 3 մլրդ 831 մլն դրամով»,- նշել է Արտակ Բալայանը:

Հարկային մարմինը տարվա ընթացքում իրականացրել է 203 ընդհանուր բնույթի ստուգում։ Կատարված ստուգումներով բյուջե մուտքագրված գումարները կազմել են 801 մլն դրամ` նախորդ տարվա 629 մլն դրամի դիմաց, իսկ ընթացիկ եւ նախորդ տարիներին կատարված բոլոր ստուգումների մասով բյուջե է մուտքագրվել 1 մլրդ 114 մլն դրամ` նախորդ տարվա 1 մլրդ 28 մլն դրամի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում