Սահմանին լարվածությունը պահպանման միտում ունի,բայց պատերազմի չի վերածի.Պնախարար
Նմանատիպ
Դեռ նախորդ տարեվերջից սահմանին տիրող լարվածությունը պահպանման միտում ունի: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ իրավիճակը հայկական զինված ուժերի կողմից եւ՛ հայաստանյան հատվածում, եւ՛ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից վերահսկելի է: «Չկա հակառակորդի մի այնպիսի գործողություն, որին արժանի հակահարված չի տրվում, եւ այնուհետեւ համապատասխան վերլուծությունների արդյունքում արդյունավետ որոշումներ չեն ընդունվում, որպեսզի է՛լ ավելի կայունացնենք իրավիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ որոշակի լարվածություն կա»,-ասել է նա:
Հարցին, թե որքանով է հավանական, որ լարվածությունը վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների, նախարարն արձագանքել է․ «Չեմ կարծում, թե սա կարող է տանել լայնամասշտաբ գործողությունների: Բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ ի վերջո հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ռազմական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այս խնդրի լուծման ռազմական ճանապարհը իրական ճանապարհը չէ։ Ընդհակառակը՝ պետք է ռազմական ղեկավարները վստահության մթնոլորտ ստեղծեն քաղաքական ղեկավարների բանակցային գործընթացի շարունակական ապահովման համար»:
Հիշեցնենք, որ այս տարվա 20 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետեւանքով հայկական կողմն արդեն 9 զոհ ունի՝ 8 զինծառայող եւ 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:
Ադրբեջանական կողմն իր կորուստների մասին ոչ միշտ է հայտարարում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Հետևեք մեզ նաև Telegram-ում