Ալիևն օգտագործում է դավոսյան հարթակը` խոսելու արցախյան հիմնահարցից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ալիևը ներկաներին հավաստիացրել է, որ իրենց գլխավոր խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է և դրա կարգավորումը: Նա ընդգծել է, որ խնդիրն արդեն քսան տարի է` մնում է չկարգավորված, իսկ բանակցությունները չեն տալիս համապատասխան արդյունք: Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, իբր չկարգավորված և ձգձգված հակամարտությունը նպաստում է այլ հակամարտությունների առաջացմանը:

«Առկա հակամարտությունը, իհարկե, տարածաշրջանային բնույթ ունի: Սակայն դրա ազդեցությունը մեթոդաբանական և աշխարհագրական տեսանկյունից ունի լայն մասշտաբ: Եթե ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի միջոցագային իրավունքի հիման վրա, ապա պետք է նմանօրինակ իրադարձություններ սպասել նաև աշխարհի այլ վայրերում»,- հայտարարել է Ալիևը` ընդգծելով, որ տարբեր պետություններ չպետք է թելադրեն միջազգային իրավունքի նորմերը սեփական շահից ելնելով:

«ՄԱԿ-ի կանոնադրությունում, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում շատ հստակ նշվում են միջազգային իրավունքի սկզբունքների առաջնահերթությունները: Դրանք բոլորը պետք է հաշվի առնվեն: Այդ ժամանակ մենք կկարողանանք խուսափել երկակի ստանդարտներից և տարածաշրջանում նոր հակամարտությունների առաջացումից»,- ասել է Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում