Թուրքիան սրնթացորեն ավտորիտար վարչակարգի է վերածվում. միջազգային զեկույց

Թուրքիան սրընթացորեն վերածվում է ավտորիտար վարչակարգի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է բրիտանական The Economist հանդեսը` վկայակոչելով The Economist Intelligence Unit`s (EIU) կազմակերպության «2014 թվականի շողովրդավարության ինդեքս» (Index of Democracy 2014) հրապարակմանը:

Նշվում է, որ երկու տարի առաջ հրապարակված ինդեքսի համեմատ, Թուրքիան երկու աստիճանով հետընթաց է գրանցել եւ հայտնվել աշխարհի 197 երկրների վարկանիշային սանդղակի 98-րդ տեղում` Ուգանդայի եւ Բութանի միջեւ:

Հանդեսը հայտնում է, որ 2014 թվականին Ռեջեբ Թայիփ Էրդողանի Թուրքիայի նախագահ ընտրվելը վտանգել է այդ երկրի ժողովրդավարական կառույցները:

«Թուրքիայի գործող սահմանադրության համաձայն` նախագահը պետք է լինի ոչ քաղաքականացված եւ մեծամասամբ արարողակարգային անձնավորություն: Էրդողանն, անկասկած, դրանցից ոչ մեկը չեղավ: Նա երկիրը սրընթացորեն տանում է դեպի ավտորիտարիզմ», – գրում է հանդեսը:

Հանդեսը նշել է, որ արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության միջեւ վերջին մեկ տարում շարունակվող լարվածությունն այդ երկրում թուլացրել է իրավունքի գերակայությունը եւ քայքայել բազմակարծություն պահանջող ժողովրդավարական մշակույթը:

Դեմոկրատիայի ինդեքսը հիմնվում է 5 կատեգորիաների վրա` ընտրական գործընթաց եւ բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքական գործընթացներում մասնակցություն, քաղաքական մշակույթ: Հիշյալ ինդեքսում Ադրբեջանը զբաղեցրել է 148-րդ տեղը` համապատասխանաբար 67 եւ 35 կետերով հետ մնալով Հայաստանից եւ Վրաստանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում