Լատվիան մտադիր Է փոփոխություններ կատարել «Արեւելյան գործընկերության» ծրագրում

Լատվիան մտադիր Է Եվրամիության խորհրդում իր նախագահության ժամանակաշրջանում զգալի փոփոխություններ մտցնել «Արեւելյան գործընկերության» ծրագրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Լատվիայի արտաքին գործերի պետական քարտուղար Անդրեյս Պիլդեգովիչսը:

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Լատվիան դարձել Է ԵՄ-ի խորհրդի նախագահ:

«2015 թվականին հարկ Է, որ մենք ե՛ւ Եվրամիության, ե՛ւ գործընկերների հետ վերաիմաստավորենք ծրագիրը»,- ասել Է Պիլդեգովիչսը:

«Եթե սկզբնապես այն մտահղացվել Էր որպես Եվրամիությանն անդամակցելուն գործընկերներին մոտեցնելու հարթակ, ապա ապագայում գուցե մեզ հարկավոր Է ծրագիրը դարձնել ավելի ինկլյուզիվ եւ այն ավելի համապատասխանեցնել բոլոր գործընկերների շահերին»,-պարզաբանել Է պետքարտուղարը:

Նա հավելել Է, թե հարկավոր Է «Արեւելյան գործընկերության» ծրագիրն ավելի մոտեցնել յուրաքանչյուր պետության շահերին:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ ՌԴ-ում Լատվիայի դեսպան Աստրա Կուրմեն հայտարարել Է, որ «Արեւելյան գործընկերության» երկրների հետ ԵՄ-ի համագործակցության ամրապնդումը Լատվիայի գերակայություններից մեկը կդառնա ԵՄ-ում նախագահության ժամանակաշրջանում:

«Արեւելյան գործընկերությունը» Եվրամիության ծրագիրն Է, որը նպատակամղված Է նախկին ԽՍՀՄ-ի վեց պետությունների հետ քաղաքական եւ տնտեսական մերձեցմանը: Ծրագրին մասնակցում են՝ Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում