Ամերիկացիների շուրջ 70 տոկոսը միջռասայական ու միջէթնիկ տարաձայնությունները համարում են հասարակության մեջ ամենասուր խնդիրներից մեկը

Ամերիկացիներն ամենագլխավոր խնդիրներից են համարում միջէթնիկ տարաձայնությունները: Sputnik լրատվական գործակալության պատվերով ICM Research գործակալության իրականացրած հարցման տվյալներով, ամերիկացիների շուրջ 70 տոկոսը միջռասայական ու միջէթնիկ տարաձայնությունները համարում են հասարակության մեջ ամենասուր խնդիրներից մեկը: Այն հարցին, թե արդյո՞ք նրանք համամիտ են այդպիսի ձևակերպման հետ, ամերիկացիների 67 տոկոսը պատասխանել են, որ այո, լիովին համամիտ են կամ մեծամասամբ համամիտ են: Բացասական պատասխան է տվել հարցվածների 21 տոկոսը:

ICM Research-ի հարցումն անցկացվել է ԱՄՆ-ում անցյալ տարվա դեկտեմբերի 5-ից 17-ը: Դրան մասնակցել է ավելի քան հազար քաղաքացի, ընտրությունը կատարվել է ըստ հարցվողի սեռի, տարիքի և աշխարհագրական ցուցանիշի: ԱՄՆ-ում, անցյալ տարվա նոյեմբերին ու դեկտեմբերին զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ կապված ոստիկանական անհիմն բռնության զոհերի հետ: Ամերիկյան հասարակության մեջ, մասնավորապես, հուզում են առաջացրել աֆրոամերիկացի Էրիկ Գարների ու Մայկ Բրաունի մահվան դեպքերը: Առաջինին խեղդել են Նյու Յորքում, կալանման պահին, մյուսին գնդակահարել է Միսսուրսի նահանգի ոստիկանը:

«Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույղում քաղաքագետ Գևորգ Մելիքյանը նշեց, որ ռասայական խտրականությունը խնդիր է ցանկացած զարգացած, քաղաքակիրթ երկրների համար ևս, որտեղ, բնականաբար, մարդու իրավունքները կարևորագույն և առանցքային դեր են կատարում հասարակության կազմավորման և հասարակության զարգացման համար:

«Բայց պնդել, որ այդ խնդիրները ամենակարևորն են այսօր Միացյալ Նահանգների համար, կարծում եմ, որ հարցվածների մոտ մի փոքր չափազանցության արդյունք է: Այսօր Միացյալ Նահանգներում միջէթնիկ տարաձայնություններից շատ, ինչպես և ասացի, ավելի կարևոր խնդիրներ կան` սոցիալ-տնտեսական բնույթի: Շատացել են գործազուրկները և նպաստ ստացողների քանակն է շատացել: Բայց և այո, Միացյալ Նահանգներն ունի ռասայական խտրականության հետ կապված խնդիրներ, քանի որ ԱՄՆ-ն ինքը ձևավորվել է որպես բազմաթիվ, տարբեր էթնոսներից բաղկացած մի պետական միավորում, որը պատմականորեն անցել է տարբեր փուլեր:

Միացյալ Նահանգներում, թերևս, խտրականության ամենակարևոր հատվածը սոցիալական դրսևորումներին է պատկանում: Հնարավոր է, որ, օրինակ, երկու հավասարազոր թեկնածուների աշխատանքի ընդունելիս՝ նախապատվությունն առանց որևէ բացատրության տրվի սպիտակ թեկնածուին:

Ինչ վերաբերում է անցյալ տարվա նոյեմբերյան դեպքերին, ապա Միացյալ Նահանգներում ոստիկանության աշխատանքը միշտ չէ, որ գոհացնում է հասարակությանը: Կա վրդովմունք, և, այո, սևամորթները միշտ էլ հարցեր են ունեցել՝ բարձրաձայնելու տարբեր հարթակներում՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները: Սակայն, թերևս, սխալ կլինի այս խնդիրը ընդհանրացնել ողջ ամերիկյան հասարակության համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում