ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար կդառնա ադրբեջանցի դիվանագետը

2015թ-ին լրանում է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլի մանդատի ժամկետը:Այդ մասին վերջինս հայտնել է Trend գործակալությանը` հավելելով, որ իրեն կփոխարինի ադրբեջանական դիվանագետներից մեկը: Սակայն նա այդպես էլ չի նշել ՎՈՒԱՄ-ի ապագա գլխավոր քարտուղարի անունը:

«Այս տարի լրանում է իմ մանդատի ժամկետը: ՎՈւԱՄ-ի նոր գլխավոր քարտուղար կդառնա դիվանագետ Ադրբեջանից, ով բավականին լուրջ մարդ է և հարգանք է վայելում ոչ միայն իր երկրում, այլև տարածաշրջանում:Ես կվերադառնամ Վրաստան, ամենայն հավանականությամբ, ԱԳՆ, սակայն դա հաստատված չէ»,- պարզաբանել է Չեչելաշվիլին:

Հիշեցնենք, որ կառույցը ստեղծվել է 1997 թ-ին Եվրոպայի խորհրդի շրջանակներում և հենց Եվրոպայի հրահրմամբ: Կառույցի անդամներ են Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Մոլդովան: Նախկինում որոշակի ժամանակահատված կառույցի մեջ ներառված է եղել նաև Ուզբեկստանը, որը 2005թ-ից վերջնականապես դուրս եկավ:

Եվրոպայի հովանու ներքո ստեղծված կառույցը նպատակ ուներ հակակշռել ԱՊՀ-ին: Անդամ երկրների կազմից արդեն իսկ պարզ է, որ նրա գործունեությունը հակառուսական ուղղվածություն ունի: Թեպետ կառույցը կոչված է ապահովելու տնտեսական և դեմոկրատական ոլորտներում համագործակցություն, սակայն պարբերաբար շրջանառվում է կառույցի գործունեության ընդլայման թեման: Օրինակ’ 2006թ-ին Ուկրաինան հանդես եկավ ՎՈՒԱՄ խաղաղապահ ուժեր ստեղծելու առաջարկով, որը լիովին կփոխեր կառույցի կարգավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում