«Հրապարակ». Վարչական շրջաններում նախկին թաղապետերի արձաններ կանգնեցնելը արդիական է դարձել

«Հրապարակ» թերթը անդրադարձել է մեր օրերում արդիական դարձած Երևանում վարչական շրջանների ղեկավարների արձաններ կանգնեցնելուն՝ նշելով, որ նման մի արձան է շուտով վեր խոյանալու Նոր Նորք վարչական շրջանում։ ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝ նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի արձանն են կանգնեցնելու այստեղ։ Ըստ թերթի՝ այդ գործը նախաձեռնել են նրա ընկերները։ «Սակայն անհավանական թվացող այս լուրերից տեղյակ չէին քաղաքապետարանում։ Լրատվության վարչության պատասխանատու Արթուր Գևորգյանը նախ հարցը գրավոր պահանջեց, ապա բանավոր ասաց, թե տեղյակ չեն, անգամ ընդլայնված նիստում նման հարց չի քննարկվել։ Սակայն պարզվում է՝ այս պատմությունը երկամյա կյանք ունի՝ թաղապետի մահվան ժամանակից ի վեր, և աշխատանքներ են տարվում արձանի պատրաստման ուղղությամբ։ Այս մասին մեզ հայտնեց հանգուցյալ Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ այն երկու տարի առաջ նախաձեռնել է Նոր Նորքի թաղապետարանը և դիմել քաղաքապետարան։ Այժմ էլ արձանի կառուցման աշխատանքներն են ընթանում, և հնարավոր է, որ մինչև Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 21-ը, հասցնեն տեղադրել»,–գրում է թերթը՝ վերջում նաև հավելելով, որ Դավթի Պետրոսյանի արձանի տեղադրման կապակցությամբ նաև օրենսդրական խոչընդոտներ կան, որին խոստանում են անդրադառնալ իրենց հաջորդ համարում։
Իսկ մինչ այդ ներկայացնում ենք «Հրապարակի» ու Դավիթ Պետրոսյանի հոր՝ Ռաֆիկ Պետրոսյանի զրույցը կանգնեցվելիք արձանի և գալիք ՏԻՄ ընտրությունների շուրջ ամբողջությամբ։
– Պարոն Պետրոսյան, Նոր Նորքի ո՞ր մասում է տեղադրվելու։
-Հենց թաղապետարանի շենքի մոտ, որտեղ ինքը դրել ա Սաֆյանի արձանը, ով վարչական շրջանի հիմնադիրն է եղել։ Տղաս դրել է Սաֆյանի արձանը։ Որովհետև ինքն էլ աշխատել ա այնպես, ինչպես Սաֆյանը, հիմա էլ թաղապետարանը միջնորդել ա, որ տեղադրվի իր արձանը։
-Իսկ կարո՞ղ է Սաֆյանի արձանը հանեն՝ Ձեր որդունը տեղադրեն։
-Չէ, ո՞նց կհանեն, երկուսինն էլ կլինի։
-Ինչո՞ւ է ձգձգվում, գուցե նախաձեռնությանը դեմ մասնագետներ կան։
-Դե, մի օրվա հարց չի, պետք է պատվիրեն, գիպսոն սարքեն։ Ես չգիտեմ՝ քննարկում եղել ա, թե չէ, ես գիտեմ, որ քաղաքապետարանում հարցը դրվել ա, ու սկսվել ա աշխատանքները։ Դեմ մարդ չկա, որևէ էդպիսի մարդ չկա։ Նախաձեռնությունը թաղապետարանինն է։
– Պարոն Պետրոսյան, իսկ Դուք ինչո՞վ եք զբաղված։
-Սպասում եմ հարցի լուծմանը։
-Ի՞նչ հարց։
– Դե սպասում եմ՝ երբ հերթը կհասնի ինձ։
-Հնարավո՞ր է առաջադրվեք Ավան համայնքում։
-Չէ, ես համամասնական ցուցակում կամ, և երկու հոգի եթե դուրս գան, ես կընտրվեմ։
-Ակնկալիքներ ունե՞ք, որ հերթը կհասնի Ձեզ։
-Իհարկե։ Դա հերթով ա, երկու հոգուց հետո իմ հերթն ա։
-Պարոն Պետրոսյան, Ձեզ ՀՀԿ ցուցակի ցածր հորիզոնականներում դնելու պատճառը Ձեր տարի՞քն էր, թե՞ այլ հարցեր կային։
-Ճիշտն ասած՝ ես չգիտեմ։
-Դուք դժգոհ չէի՞ք դրանից, չէ՞ որ կուսակցության հնաբնակներից եք։
-Դե ո՞վ գոհ կլինի, եթե իրան նման ցածր տեղերում դնեն։
-Իսկ Ձեզ վստահեցրել են, որ հերթը կհասնի՞։
-Ո՞վ պիտի վստահեցնի, դե, հերթով գնում ա, էլի, վստահեցնելու բան չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում