Բրիտանացի պատգամավորները կառավարությանը կոչ են արել Ադրբեջանի իշխանության դեմ վճռորոշ քայլեր կատարել

Բրիտանացի պատգամավորները կառավարությանը կոչ են արել Ադրբեջանի իշխանության դեմ վճռորոշ քայլեր կատարել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ստորին պալատի մի խումբ պատգամավորներ Ադրբեջանի իշխանության վարած ռեպրեսիոն քաղաքականությունը վատաբանող փաստաթուղթ են ընդունել: Փաստաթուղթը ստորագրել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ներկայացված ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, փաստաթղթում ասվում է. «Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ստորին պալատը վատաբանում է Ադրբեջանի իշխանության լայնամասշտաբ բռնաճնշումները: Վերջին ամիսներին այդ երկրում լայնամասշտաբ չափերի է հասել անկախ լրագրողների եւ մարդու իրավունքների պաշտպանների քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները: Ադրբեջանի իշխանությունից պահանջում ենք անմիջապես եւ առանց նախապայմանների ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային, Լեյլա Յունուսին, Ինթիգամ Ալիեւին, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամեդովին եւ մյուս քաղաքական բանտարկյալներին: Մեզ սարսափեցնում է քաղբանտարկյալների, այդ թվում` Լեյլա Յունուսի դեմ կիրառված խոշտանգումները:

Բացահայտ երեւում է, որ Ադրբեջանի իշխանությունն աշխատում է ամբողջությամբ շարքից հանել ընդդիմադիր մտածողությամբ մարդկանց: Խիստ լուրջ անհանգստություն ծնող փաստերից մեկն էլ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակումն է: Գտնում ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ադրբեջանում իրագործվող բռնաճնշումների հետ կապված լուրջ քայլեր պետք է կատարի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում