Բակո Սահակյան. Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ

Բակո Սահակյան. Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը չափազանց թանկ ու նվիրական է համայն հայության համար:

Դուք կանգնած եք եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում և այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, անում եք հնարավորը հայրենիքի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ:

Հայկական բանակը ժողովրդական բանակ է. չկա մի ընտանիք, որն այս կամ այն կերպ առնչություն չունենա նրա հետ: Բանակի կազմավորմանը մասնակցել են մեր ժողովրդի լավագույն զավակները, և այսօր էլ նրանց քաջ որդիներն են անձնվիրաբար ծառայում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ, նրանց, ովքեր այսօր էլ անսասան են պահում մեր հայրենիքի սահմանները, պահպանում մարդկանց անդորրն ու խաղաղ կյանքը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին` այս հիշարժան տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք` հայոց անկախ պետականության շարունակական զորացման ու բարգավաճման ճանապարհին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում