Էրդողանը ` Թուրքիայի դեմոկրատական անկման պատճառ. Freedom House

Էրդողանը ` Թուրքիայի դեմոկրատական անկման պատճառ. Freedom House

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի ամիս է, ինչ զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, սակայն երկիրը հասցրել է կտրուկ հետընթաց ապրել մարդու իրավունքների և ժողովրդավարության սանդղակում:

Հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական` «Ազատությունն աշխարհում 2015» զեկույցը, որտեղ Թուրքիան, ի թիվս Ադրբեջանի, Հունգարիայի, Ռուսաստանի և Նիգերիայի, 2014 թ. մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրել է աշխարհում ամենամեծ հետընթացը:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահ դառնալով և կոռուպցիոն սկանդալների մեջ իր դաշնակիցներին ներքաշելով` Թուրքիան դեմոկրատական նորմերից շատ է հեռու գնացել»:
Զեկույցում նշվում է, որ մեդիան և իրավական համակարգը գործադիր մարմին կողմից մեծ ճնշումների է ենթարկվում:

«Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս տարվա ընթացքում միավորել է իշխանությունը և ավելի ագրեսիվ արշավ մղել դեմոկրատական բազմակարծության դեմ».- նշվում է զեկույցում:

Հիշեցնենք, որ Զեկույցի համաձայն` 7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է ամենաազատ, իսկ 7-ը` ազատության բացակայություն, քաղաքական իրավունքների մակարդակի համար ԼՂՀ-ն ստացել է 5 բալ, և ևս 5 բալ` քաղաքացիական ազատությունների մակարդակի համար, այն դեպքում, երբ Ադրբեջանն այդ վարկանիշում ցած է գլորվել և երկու վարկանիշերում էլ ստացել 6 բալ` մոտենալով գործնականում ժողովրդավարական ազատությունների ամբողջական բացակայության ցուցանիշին:

Ի համեմատ Ադրբեջանի, Հայաստանը զգալի լավ դիրքերում է եւ ներառվել է մասնակի ազատ երկրների խմբում՝ քաղաքական իրավունքների մակարդակի համար ստանալով 5 միավոր, քաղաքացիական ազատությունների մակարդակի համար՝ 4 միավոր։ Այսպիսով, Հայաստանը Վրաստանի և Թուրքիայի հետ ընդգրկվել է մասնակի ազատ երկրների եռյակում, որտեղ մնացած երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը անվանվել են անազատ երկրներ։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում