Եթե մենք որևէ հանցանք ունենք, եթե վճարելու բան ունենք, որպես Թուրքիա պետություն, կանենք անհրաժեշտ քայլերը. Էրդողան

Եթե մենք որևէ հանցանք ունենք, եթե վճարելու բան ունենք,  որպես Թուրքիա պետություն, կանենք անհրաժեշտ քայլերը. Էրդողան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է չարչրկված իր թեզը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Այն ժամանակին սպառիչ պատասխան էր ստացել հայկական կողմից, բայց դա չի խանգարել Էրդողանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցերին, կրկին անդրադառնալ թեմային: Լրագրողի այն հարցին, թե ինչ նախապատրաստությունների մեջ է Թուրքիան Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին արած հրավերից հետո ինչ հունով են զարգանալու հարաբերությունները` Էրդողանը հիշեցրել է նախորդ տարվա ապրիլին իր ցավակցական ուղերձը` դժգոհելով, որ Հայաստանը դրան դրական պատասխան չտվեց, մինչդեռ այլ պետությունների ղեկավարներն իրենց գոհունակությունն են հայտնել դրանց կապակցությամբ:

Թուրքիայի նախագահը նկատել է, թե հայկական սփյուռքն այս հարցում հանգիստ չի մնում և շարունակում է գործողություններ ծավալել: Էրդողանի ձևակերպմամբ՝ «հայկական սփյուռքը շարունակում է ուշադրություն շեղելու աշխատանքը»: «Մենք նման բանն ընդունել չենք կարող»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ իրենք «պարտավոր չեն ընդունել» Հայոց ցեղասպանությունը:

«Մենք հայտարարում ենք, որ եթե այս հարցում անկեղծ եք, եկեք այս հարցը թողնենք պատմաբաններին: Թող այս հարցով զբաղվեն պատմաբանները»,- նշել է Էրդողանը` հայտարարելով, թե իբր թուրքական արխիվները բաց են և շուրջ մեկ միլիոն փաստաթուղթ պատրաստ է ուսումնասիրման: Նա կոչ է արել Հայաստանին և երրորդ երկրներին ևս բացել արխիվները, եթե ունեն այդպիսիք: Էրդողանը նշել է, որ պատմաբանների ուսումնասիրություններից և համապատասխան զեկույցներ իրենց ներկայացնելուց հետո միայն քաղաքական գործիչները կնստեն սեղանի շուրջ:

Եթե մենք որևէ հանցանք ունենք, եթե վճարելու բան ունենք, մենք, որպես Թուրքիա պետություն, կանենք անհրաժեշտ քայլերը: Սակայն միակ բանը, որ անում են հայերը՝ «Թուրքիան մեղավոր է» ասելն է»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում