Հանդիպում տնային կալանքի տակ գտնվող Լեւոն Հայրապետյանի հետ. «Կապույտը մեր պատասխանն է Մալեւիչի սևին»
Նմանատիպ
Հանդիպում, որն այս օրերին ամենաանհավանականն էր թվում: Հանդիպում մի մարդու հետ, ով որոշ ուժերի պատճառով երկար ժամանակ կալանավորված էր և հիմա էլ շարունակում է մնալ տնային կալանքի տակ, քանի որ նրա դեմ ներկայացված մեղադրանքներից ոչ մեկը չի ապացուցվել, ավելին՝ դրանք աստիճանաբար հերքվում և հանվում են գործից: Չեմ ուզում բացել փակագծերը, քանզի քաղաքական դաշտի վրա ազդեցություն չունեմ, սակայն փոխարենն ունեմ մեծ ցանկություն նրա հետ հանդիպումը, նրա մտորումներն ու նույնիսկ նման իրավիճակում հայրենիքի մասին նրա մտահոգությունները ներկայացնելով՝ օգնել մի մարդու, ով օգնում է մի ամբողջ ազգի:
Անցած տարվա հուլիսի 15-ից հետևում եմ Մոսկվայում ձերբակալված արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ հասկանալու համար, թե այս կամ այն կողմերից ո՞վ է «պատվիրատուն», թե՞ կա երրորդ կողմ… խուսափում եմ նաև անձնավորել:
Այս տարվա հունվարի 25-ին հրավիրված էի Ռուսական բանակի թատրոն` «Շատ վաղուց» ներկայացմանը: Ես չգիտեի՝ ինչ ներկայացման մասին է խոսքը, միայն հիմա, կարդալով սյուժեն, հասկացա, որ հիմնական գաղափարը հայրենիքի պաշտպանությունն է, ինչ գնով էլ լինի: Այս ներկայացումն ի հայտ է եկել պատերազմական տարիներին և զինվորներին հերոսությունների է մղել:
Ներկայացմանը ներկա գտնվել չստացվեց, քանի որ ստացա շատ սպասված հեռախոսազանգ, որը հնարավորություն էր հանդիպելու աշխարհի բոլոր ծալքերում քննարկվող, բայց այդ աշխարհին «չարձագանքող» և այլևս բանտախուց համարվող դղյակում փակված մեր օրերի մեծ հայրենասերին` Լևոն Հայրապետյանին, ով իրավունք չունի հանդես գալ մամուլում կամ հեռուստատեսությամբ:
Ներկայացման մեջ հայրենասիրություն խաղացող հերոսներին, որոնց այդպես էլ չտեսա, ստվերում թողեց իրական հերոս հայը: Երջանիկ էի: Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ անձնվեր հայրենասերի կյանքի այդ օրը միայն իմ համար էր նախատեսված:
Գնացինք նշված հասցեով: Մեզ դիմավորեց պարոն Հայրապետյանին խնամող նրա հարազատ քույրը: Շքամուտքից սկսած տան պատերը, սյուներն ու երևացող բոլոր անկյուններն ուղղակի ողողված էին անթիվ-անհամար լուսանկարներով, աշխարհահռչակ գեղանկարիչների աշխատանքներով ու գրքերով:
Լեւոն Հայրապետյանն ինձ հրավիրեց հյուրասենյակ և առաջարկեց նստել: Մտածում էի, արդյո՞ք իմ հավաքած նյութերը կարող են օգնել ծանր դրության մեջ գտնվող և վատառողջ մարդուն: Վախենում էի, որ հիմա կձանձրացնեմ նրան իմ հարցերով և ընդհանրապես իմ ներկայությամբ: Նրա քաղաքակիրթ վերաբերմունքն ինձ հիացրեց: Նախ հետաքրքրվեց ծնողներիս և իմ վիճակով, արդյո՞ք չունենք օգնության կարիք, հարցրեց իմ ապագա պլանների մասին: Եվ ինձ թվում է` ստացվեց մի քիչ զարմացնել պարոն Հայրապետյանին, երբ հայտնեցի, որ այդ պլանները կապված են Հայաստանի հետ: Չեմ բացի փակագծերը, թե ինչպես, բայց մեկ րոպեում խթանեց այդքան նվիրական ծրագրիս իրագործմանը: Սա առանձին հոդվածի նյութ է:
Այնուհետև երկար խոսեցինք դատավարության ընթացքի, կատարվող դեպքերի մասին, և պարզ դարձավ, որ այն անորոշությունն, ինչ դրսում էր տիրում, նույնն էր և իր մոտ՝ անպատասխան հարցերի մի ամբողջ փունջ: Տեսանյութերից շատերը, որ լրագրողական լուրջ աշխատանքներ էին այդ օրերի համար, Հայրապետյանի բանտարկման մեջ կապ տեսնում էին նրա՝ 2015թ. Մեծ տարելիցին պատրաստվելիք լուրջ ծրագրերի հետ (Հայրապետյանը Հայկական Հարցով հանդիպել է Սպիտակ տան ղեկավարի հետ և ոչ միայն), որոնք նա ուներ և, իմ հասկանալով, ունի մինչև հիմա: Ձերբակալությունից որոշ ժամանակ առաջ Հայրապետյանը մեծ ամբիոնից հայտարարել էր, որ պետք է Հայաստանը մաքրել «սխալ» մարդկանցից (ցուցակ կազմել և հեռացնել բոլորին), և զարմացել, թե ինչպես կարող է աղքատ գազ-նավթ չունեցող երկիրը մի քանի միլիոնատեր ունենալ, որոնք երկիրն ու ժողովրդին ծառայեցնում են իրենց շահերին, իսկ աշխատած միլիոնները չեն ներդնում հայրենիքի բարգավաճման ու հայի բարեկեցության համար: Իսկ Լեւոն Հայրապետյանի իրագործած շատ ու շատ բարեգործական ծրագրերը Հայաստանում և Սփյուռքում ներկայացման կարիք չունեն, քանի որ դրանց մասին գիտեն բոլորը:
Ձեռքդ մեկնիր,մյուսն էլ կուզեն, մի քիչ ուշ՝ կյանքդ կխլեն՝առանց հարցնելու:
Վերջապես ներկայացրի հավաքածս նյութերը՝ մամուլ, հեռուստատեսություն, համացանց. պարզվեց, որ շատ բաներ դուրս են մնացել նաև իր դիտակետից: Հպարտություն զգացի, որ կատարածս աշխատանքն անպիտան չէ, իսկ թե ինչով կօգնի դատավարության գործընթացին՝ ժամանակը ցույց կտա:
Դիտում էինք ընդհատումներով, քանի որ քաղաքական դեմքերի հարցազրույցների ընթացքում բարձրաձայն մտածում էր վերջիններիս ծավալած քաղաքական գործունեության, երկրի այսօրվա իրավիճակի մասին, որը գոհացնող չէ: Այս ընթացքում մի անգամ էլ հիշեցրեց իր թևավոր խոսք դարձած «գենետիկ պարտք»-ի մասին և նշեց, որ այն սխալ են ընկալում մարդիկ, այսինքն` սեղմում են միայն «բարեգործություն անել, գումար նվիրել» արտահայտության մեջ, թեև դա այդպես չէ: Նրա համոզմամբ «գենետիկ պարտքը պատմության, ավանդույթների, հավատքի ու մշակույթի պահպանումը, տարածումն ու ապագա հայ սերունդներին փոխանցումն է»:
Մի որոշ հատված դիտելուց հետո հրավիրեց միասին ընթրելու: Հյուրասենյակի մյուս անկյունում մեզ հայկական ուտեստներով սեղանն էր սպասում:
Տան մթնոլորտն այնքան ջերմ և խաղաղ էր, որ ես մոռացել էի ժամանակի, իսկ պարոն Հայրապետյանը՝ իր հիվանդությունների մասին, թեև բժիշկը ներկա էր ու մերթընդմերթ հետաքրքրվում էր՝արդյո՞ք բոլոր դեղահաբերն է ընդունել…
Տունը լեցուն էր գույնզգույն բնական ծաղիկներով, իսկ տան երկրորդ հարկում գտնվող ձմեռային այգին, հոսող փոքրիկ առվակում լողացող ոսկե ձկնիկները ներս մտնողին եդեմական շղարշով էին պարուրում:
Ընթրիքի ընթացքում պարոն Հայրապետյանի առաջարկով դիտեցինք Ալեքսանդր Սուվորովի մասին պատմող փաստագրական ֆիլմը, որը նկարահանվել էր իր նախաձեռնությամբ: Հասկացա, որ նա լիակատար տիրապետում է ֆիլմի բովանդակությանը, Սուվորովի անցած հերոսական ուղուն ու ծագումնաբանությանը, ով հայ է և մայրական, և հայրական կողմից, թեև քիչ չեն եղել ռուսների ջանքերը դա հերքելու համար: Ինձ իսկապես զարմացրեց այն, թե նա ինչպես վերլուծեց այս ֆիլմում տեղի ունեցող դեպքերը հայոց պատմության համատեքստում: Ես գիտեի Հայրապետյան լրագրողի և փիլիսոփայի (կրթությունը) մասին, իսկ պատմաբան Հայրապետյանն ինձ համար բացահայտում էր:
Խոսելով պատմության սխալների և բացթողումների մասին՝ պարոն Հայրապետյանը նշեց. «Ինչպես Անին էր ամրոց, որ քոչվոր մոնղոլների կողմից ավերվեց, այնուհետև անցավ ռուսներին, ապա նվիրվեց թուրքերին, այսօր հայ ժողովրդի համար այդ անառիկ ամրոցն Արցախն է, այն պիտի միայն շենացնել և ամրացնել, որպեսզի ոչ մի տեսակ քոչվորի ոտք չդրվի այդ հողին: Ես իմ կյանքն Արցախին եմ նվիրել»:
Սեղանին նաեւ Կիմ Բախշիի գիրքն էր, որի գլուխներից մեկը նվիրված է հենց նրան՝ «Հանդիպում Լեւոն Հայրապետյանի հետ»: Որոշ հատվածներ եւ այնտեղ տեղ գտած լուսանկարներ աչքի անցկացրի: Դրանցից մեկը Գանձասարի հյուրանոցի դիմաց կանգնեցրած Ջիվան Գասպարյանի կիսանդրու լուսանկարն էր: Լեւոն Հայրապետյանը նշեց, որ հյուրանոցի շուրջը կան յոթ սյուներ, որոնց վրա ժամանակակից արվեստի և մշակույթի հայ ներկայացուցիչների կիսանդրիներն է տեղադրելու, նրանք են մեր նորօրյա պատմություն կերտողները, հենքը, որոնց վրա հենվելու է ապագա սերունդը: Նշեց մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը և ուրախությամբ շեշտեց, որ նա շնորհավորել է իր տարեդարձը, եւ դա մեծ պատիվ է:
Շանսոնյեի և Հայրապետյանի համատեղ լուսանկարից էլ սկսվեց փոքրիկ էքսկուրսը: Կարելի էր մտածել, որ ամիսներ շարունակ փակված լինելու պատճառով այդ պատերն ու դրանց պարունակությունը վաղուց պիտի հոգնեցրած լինեին նրան, բայց ոչ, նա կանգ էր առնում գրեթե ամեն մի նկարի առջեւ, հետաքրքիր դրվագներ հիշում: Կտավներից մեկը ես ընդմիշտ մտապահեցի: Կապույտ քառակուսին՝ սև ֆոնի վրա: Այդ կապույտը ոչ ջրաներկ, ոչ էլ՝ յուղաներկ, այլ հայկական քարատեսակ էր հետևյալ մակագրությամբ ՝ «Սա (կապույտը) մեր պատասխանն է Մալեւիչին»:
Այո, պատմությունը շատ անգամներ է սև բծեր ու քառակուսիներ թողել մեր դարավոր էջերում, բայց մենք միշտ հաղթանակած ենք դուրս եկել մարտից, խաղաղ-կապույտ:
Գիշերը վաղուց վրա էր հասել, ու ես շտապում էի տուն:
Բարի գիշեր Ձեզ, պարո՛ն Հայրապետյան, շուտ առողջացե՛ք: Իսկ ես կանեմ ինձանից կախված ամեն հնարավորը Ձեզ օգնելու համար…
Այսօր նա փակված է «Այս, Այն, Երրորդ կողմ-ի» մարդկանց բազմաթիվ լուսանկարներով, շուրջը պտտվող ստվերներով և նույնքան անպատասխան հարցերով՝ թե ո՞վ և ինչու՞:
Հայրենասիրական մոտիվներով բեմականացված «Շատ վաղուց» ներկայացումն ու նրանից սպասվելիք տպավորություններն անհամեմատելի էին հայրենասիրության այն մեծ խորհրդի հետ, որը ես ստացա իմ իմացած ամենամեծ հայրենանվեր մարդու՝ Լեւոն Հայրապետյանի հետ ունեցած հանդիպումից:
ք. Մոսկվա
Նաիրա Նիազյան
Աղբյուրը` http://galatv.am/
Հետևեք մեզ նաև Telegram-ում