Սպանված կուրսանտի հոր խնդրանքը

Սպանված կուրսանտի հոր խնդրանքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությանը
պատկանող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ
Բարսեղյանին հայտնաբերել են ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողի վրա կախվածվիճակում: Հարազատները դեռ չեն տեսել Հայկազի դին: «Ժողովուրդ»-ի
հետ զրույցում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած տղայի հոր մտերիմ
ընկերը` Էդգարը, հայտնեց, որ երբ հայրը գնացել է ինստիտուտ, տղայի դին ցույց չեն տվել նրան. «Ասել են, որ հետաքննություն է կատարվում: Հայրը ինստիտուտից հետո եկավ աշխատանքի վայր, իրեն կորցրած մեզ խնդրում, աղաչում էր, որ մի բան անենք՝ իրեն թույլ տան երեխային տեսնել»:
Տեղեկացնենք, որ 20-ամյա Հայկազ Բարսեղյանը 10 տարի է, ինչ ընտանիքի հետ
ապրում էր Արարատի մարզի Նիզամի համայնքում: Երեք տարի առաջ ավարտել էր
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը և սովորում էր Վազգեն
Սարգսյանի անվան ինստիտուտում: Ուներ երկու եղբայր: Մայրը տնային տնտեսուհի
է, իսկ հայրը՝ Արկադի Բարսեղյանը, աշխատում է Մալաթիա տոնավաճառում որպես
կոշկակար:
Ինչպես պարզեցինք ինքնասպան եղած տղայի հոր մտերիմ ընկերոջից` Էդգարից,
դեպքի մասին առաջինը տեղյակ են պահել Նիզամի համայնքի ղեկավար Հարութին
Կարապետյանին:Գյուղապետը տեղեկանալով կատարվածի մասին՝ գնացել է Բարսեղյանների տուն. «Արկադը տանը չի եղել, գյուղապետը համարձակություն չի
ունեցել Արկադի կնոջն ասել ճշմարտությունը: Ընդամենը հաղորդել է, որ իրենց
տղան ուսումնարանում ինչ-որ խնդիր ունի, ծնող են կանչել:
Հետո գյուղապետը զանգահարեց ինձ ու պատմեց եղելությունը: Այդ ժամանակ
Արկադը կողքս էր, բայց ռիսկ չարեցի ասել, թե երեխու հետ ինչ է եղել: Ասինք՝
Արկա՛դ, քեզ կանչել են ինստիտուտ ու ճանապարհեցինք: Շոկի մեջ ենք: Ախր
տղան այնքան գոհ էր, երբեք չի դժգոհել ոչ մի բանից: Հետո նա ռազմական
կյանքին սովոր երեխա էր, ինչու նման բան պետք է լիներ, մեր մտքով երբեք չի
անցել, որ այդ երեխան ունակ էր նման բան անելու»:Էդգարի խոսքով` դեկտեմբերի 31-ին Հայկազին ինստիտուտի ղեկավարությունը տոնական խրախուսանք էր տվել՝ տուն ուղարկելով.«Մինչև հունվարի 7-ը մնաց տանը, իրեն անհրաժեշտ բաներ գնեց: Արձակուրդը պրծավ, գնաց, այդ օրվանից մինչ օրս Հայկազը ծնողների հետ չի խոսել, ասել է՝եթե պետք լինի, ես ձեզ կզանգահարեմ»:Մեր զրուցակցից պարզեցինք, որ երբ
Արկադը ինստիտուտ է գնացել և կատարվածի մասին իմացել է, հետ է վերադարձել
աշխատանքի վայր` Մալաթիա տոնավաճառ. «Շոկի մեջ էր, ասեց, որ իրեն ոչ մի
կոնկրետ բան չեն ասել: Ասել են միայն՝ հետաքննություն է գնում: Անգամ չեն
թողել իր երեխային տեսնի: Հայրը գնացել էր տուն, զանգահարել ու ասում էր,
թե մի բան արեք, գնամ երեխուս տեսնեմ, ի՞նչ անենք մենք, որ թույլ տան
երեխուն տեսնի: Չգիտեմ»:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Վազգեն Սարգսյանի անվան
ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հետ,
սակայն վերջինս չցանկացավ խոսել. «Այս պահին բավարարվե՛ք եղածով: Որևէ բան
չեմ կարող ասել»:
Չի բացառվում, որ այս դեպքից հետո գեներալ-լետենանտը հերթական անգամ իր
հրաժարականի դիմումը ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան
Օհանյանին: Հիշեցնենք, որ 2013թ. Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում էր
ներկայացրել նախարարին այն բանից հետո, երբ հունիսի 1-ին ռազմական
ինստիտուտում 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանը վիճաբանությունից ու
փոխադարձ հայհոյանքներից հետո կրակել էր նույն կուրսի կուրսանտ Սիփան
Մովսիսյանի ուղղությամբ: Սիփանը հրազենային վիրավորումից հիվանդանոցում
մահացել էր»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում