Վրաստանը չի դադարեցնելու Ռուսաստանի հետ առևտուրը.Բերուչաշվիլին
Նմանատիպ
Վրաստանը չի դադարեցրել և չի պատրաստվում դադարեցնել առևտրային և տնտեսական կապերը Ռուսաստանի հետ: Այս մասին ԱՄՆ կատարած այցելության ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին: «Այն, որ 2014 թվականի աշնանից հետո չեն եղել հանդիպումներ «Աբաշիձե-Կարասին» ֆորմատով, չի նշանակում, որ Վրաստանը դադարեցրել է կամ կդադարեցնի առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ հարաբերությունները չեն դադարեցվել»,- հայտարարել է նա:
Թամար Բերուչաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը չի հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից` «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով, որը հաջողությամբ աշխատում է ավելի քան 2 տարի և ունի հստակ արդյունքներ:
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն, համաձայն որի` ԱՄՆ-ում գտնվող Թամար Բերուչաշվիլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում է Ռուսաստանի հետ երկխոսությունը առևտրային հարցերով, քանի որ այն իմաստ չունի: «Ռուսաստանը կարող է ամեն պահի վերագործարկել էմբարգոյի մասին որոշումը»,- նրա խոսքերն էին փոխանցել վրացական ԶԼՄ-ները:
Իսկ հունվարի 30-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան ընդգծել էր, որ Վրաստանի կառավարությունը մեկը մյուսից տարանջատում է քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչի մասին բազմիցս հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին»,- ասել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը:
Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումներն առաջին պաշտոնական երկխոսությունն էր ՌԴ-ի և Վրաստանի միջև` 2008 թվականից հետո: Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերին, իսկ 2013-2014թթ. անցկացվել է 7 հանդիպում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում