Ադրբեջանի ԶՈւ շարքերում զինվորների մահացածության մակարդակը բարձր է. «Խազար»

Ադրբեջանի ԶՈւ շարքերում զինվորների մահացածության մակարդակը բարձր է. «Խազար»

Ադրբեջանի ռազմական հետազոտությունների «Խազար» ինստիտուտը (Caspian Defense Studies Institute) հայտարարել է, որ չնայած հատկացված հսկայական միջոցներին` Ադրբեջանի զինված ուժերում զինվորների մահացության մակարդակը շարունակում է մնալ բարձր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Metdan TV հեռուստաալիքի կայքը, ինստիտուտի վերլուծաբան Ջասուր Սումերենլին այդ առնչությամբ հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ եւ այլ ռազմական միավորումներում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան, ինչը գլխավորապես դրսեւորվում է անբավարար աշխատավարձի, թույլ սոցիալական պաշտպանովածության եւ զինվորների մահերի բարձր մակարդակի մեջ:

Սումերենլին նշել է, որ ինստիտուտը մտադիր է շարունակել ադրբեջանական բանակում մոնիտորինգ անցկացնել արտասահմանից, քանի որ հայտնի պատճառներով Ադրբեջանում դա հնարավոր չէ: Նրա խոսքով` մոնիտորինգի մեջ ներառվելու են զինծառայողների եւ քաղաքացիական աշխատողների սոցիալական բարեկեցության, խորհրդարանի եւ հասարակության առաջ ԶՈւ հաշվետու լինելու, ռազմական հատկացումների ծախսման թափանցիկության, զորամասերում քրեական հանցագործությունների հետաքննության, մարտական եւ ոչ մարտական կորուստների, զորակոչի, կոռուպցիայի, կաշառակերության եւ այլ երեւույթ ների հետ կապված հարցեր: Մոնիտորինգի արդյունքներով զեկույց է հրապարակվելու, որը կտեղադրվի նաեւ Youtube սոցիալական ցանցում:

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի համաձայն` 2014 թվականի ընթացքում ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 91 զինծառայող, որոնցից 58-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը բանակում առկա թերությունները քննադատելու համար դատապարտել էր մի շարք փորձագետների եւ ԶԼՄ-ների: Նա զգուշացրել է, որ նման հրապարակումները «ռազմական գաղտնիք» են ներկայացնում, եւ մեղավորները խստորեն կպատժվեն, որից հետո սկսվել էին մամուլի ներկայացուցիչների վրա հերթական ճնշումներն ու հետապնդումները:

Բացի այդ, անցյալ տարի օգոստոսյան հայտնի դեպքերից հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւն իր 2014 թվականի սեպտեմբերի 24-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է զինուժին վերաբերող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը:

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ-ը եւ ՀՀ ՊՆ-ը իրենց տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզել են, որ նախահարձակ հակառակորդը` հայկական ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 2015 թվականի սկզբից մինչ այժմ տվել է առնվազն 30 զոհ եւ 27-ից ավելի վիրավոր, որից Ադրբեջանի ՊՆ-ը պաշտոնապես խոստովանել է միայն 3 զոհ եւ 4 վիրավոր ունենալը` մնացածը թաքցնելով սեփական հանրությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում