Ադրբեջանում գնդապետը կրակել է զինվորի վրա

Ադրբեջանում գնդապետը կրակել է զինվորի վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Թովուզում տեղակայված զորամասերից մեկում անցյալ շաբաթ հրամանատարը կրակել է իր ենթակա 19-ամյա զինվոր Չինգիզ Այդըն օղլու Թարվերդիեւի վրա: Գլխից ծանր վիրավորված եւ կոմայի մեջ հայտնված զինվորը մինչ այժմ գտնվում է Գյանջայի քաղաքային զինվորական հոսպիտալում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զինվորի հայրը` Այդըն Հյուսու օղլու Թարվերդիեւն «Ազադլիգ»-ին հայտնել է, որ, չնայած իր զավակի վիճակը ծանր է, մինչ այժմ ոչ միջոց չի ձեռնարկվել: Նրա խոսքով` միջադեպը անձնական հողի վրա տեղի ունենալու պատճառով թաքցվում է: Եւ այդ պատճառով էլ զինվորը մնացել է անտեր: Զինվորի հայրը նշել է, որ գանգատվել է ռազմական դատախազությանը եւ պաշտպանության նախարարությանը, սակայն, արդյունք չկա:

Հայրը պատմել է, որ որդին զինծառայության է մեկնել Ջալիլաբադի շրջանից` 2014 թվականի հունվարի 6-ին, եւ ծառայության անցել Գյանջայում:

«Զինծառայության առաջին ամիսներին մրսել եւ հիվանդացել է: Չնայած հիվանդ լինելուն, նրան ոչ մի բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Դրանից ազդված Չինգիզը ինքնասպանության փորձ է կատարել` կտրելով երակները եւ տարվել հոսպիտալ», -պատմել է նա:

Նրա խոսքով` հոսպիտալից հետո նրան դատապարտել են 5 ամիս ազատազրկման: Պատիժը կրելուց հետո զինվոր Թարվերդիեւը զինծառայությունը շարունակել է Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Դեկտեմբերին նրան 10 օրով արձակուրդ է տրվել:

Թարվերդիեւ ավագը հայտնել է, որ որդու հետ վերջին անգամ հեռախոսով խոսել է միջադեպից մեկ օր առաջ` հունվարի 26-ին:

«Չինգիզն ասաց, որ ամեն բան կարգին է: Իսկ առավոտյան գնդապետի կոչումով հրամանատար ներկայացած մի անձ ինձ զանգահարեց եւ ասաց, որ «որդիս զենքի վրա հենված ծխում եւ հեռախոսով երաժշտություն է լսում: Ես հրամանի էի սպասում, որ խփեմ նրան, բայց հենց այդ պահին որդիդ կրակ բացեց մեզ վրա: Մենք էլ ստիպված պատասխան կրակ բացեցինք եւ գնդակներից մեկը դիպչեց որդուդ»,- նշել է Թարվերդիեւ ավագը: Զինվորի հոր պատմելով, միջադեպի վայրում եղած մի այլ անձ իրեն հայտնել է, որ Չ.Թարվերդիեւի գլխից խփվելուց հետո զինվորներից մեկն այդ գնդապետին ասել է` «հրամանատար, գոնե ձեռքին խփեիք»:

«Որդիս արդեն մի քանի օր է` կոմայի մեջ է: Գյանջայի հոսպիտալում բժշկական միջամտությունը բավարար չէ: Չինգիզին պետք է Բաքու տանել: Բայց դա չեն անում: Ռազմական դատախազության եւ զորամասի վերաբերմունքը միջադեպին խիստ կասկածելի է: Նրանք ցանկանում են կոծկել միջադեպը: Բայց ես ամեն բան անելու եմ այս հարցը ուսումնասիրելու եւ մեղավորներին պատժելու համար: Գնալու եմ Նախագահի աշխատակազմ եւ պաշտպանության նախարարություն` բողոքելու համար», – հայտնել է զինվորի հայրը:

Նա որդու վրա կրակելու պատճառը պարզելու եւ կատարողներին բացահայտելու պահանջով դիմել է Ադրբեջանի Նախագահին: Դիմումում նա նշել է, որ որդու վրա կրակել է սպան, սակայն, չնայած նրա վիճակը ծանր է, նրան չեն տանում Բաքու` վիրահատելու:

«Որդուս Բաքու տանելու համար ուղղաթիռ է պետք, սակայն, ասում են, որ չեն կարող ուղղաթիռով ուղարկել: Ուզում են, որ նա մեռնի Գյանջայի հոսպիտալում: Ուզում են կոծկել այս գործը»,- Նախագահին գրած նամակում նշել է հայրը եւ խնդրել օգնել իրեն:

Ըստ թերթի` Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ երկրի Ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել տվյալ փաստով, իսկ զինվորի հոր` Զինգիզ Թարվերդիեւի հայտարարությունը «չի համապատասխանում իրականությանը»:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի ՊՆ-ն այդ միջադեպի մասին ավելի վաղ չէր հայտնել, չնայած զինծառայողը վիրավորվել էր հունվարի 27-ին: Ադրբեջանի ՊՆ-ն միջադեպի մասին հայտնել է միայն ԶԼՄ-ներում զինծառայողի հոր նամակի հրապարակումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում