Քրդական ուժերը Քոբանիում մի քանի գյուղեր են ազատագրել ԻՊ-ից

Քրդական ուժերը Քոբանիում մի քանի գյուղեր են ազատագրել ԻՊ-ից

Քրդական ինքնապաշտպանական ուժերը փետրվարի 4-ին հսկողություն են հաստատել Քոբանի քրդաբնակ քաղաքի մերձակայքում գտնվող մի քանի գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, «Իսլամական պետության» հետ թեժ բախումներից հետո ազատագրվել են Կաբաջիղ, Տաշլուկ, Կարմուղ գյուղերը, որոնք գտնվում են քաղաքի արևելյան հատվածում: նախորդ շաբաթվա ընթացքում քրդական ուժերն ԻՊ-ից ազատագրել էին 17 գյուղեր:

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ «Ջաբհա ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» ահաբեկչական խմբավորումների 18 զինյալներ են սպանվել սիրիական օդուժի ռմբակոծության արդյունքում, որն ուղղվել է Զաբադանի շրջանի Հաջիզ Հաուա բնակավայրին: Սիրիական հրետանին այսօր Ռակկայի մարզում հարվածներ է հասցրել ԻՊ-ի գլխավոր հենակետերին: Ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել: Ամբողջովին ոչնչացվել է Հազիմա գյուղում գտնվող մոջահեդների ճամբարը:

Օդային ուժերը ռմբակոծել են Դեր Զորում ԻՊ-ի դիրքերը: Տասնյակ ահաբեկիչներ սպանվել և վիրավորվել են:

Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ ԻՊ-ն այս տարի 50 սիրիացի գերիների սպանել է: Կենտրոնը տեղեկացնում է, որ նրանց մեծամասնությունը գլխատվել կամ գնդակահարվել է:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում