«Երաժշտություն` հանուն խաղաղության» կհնչի Ստեփանակերտում՝ անկախ Ադրբեջանի հայտարարություններից

«Երաժշտություն` հանուն խաղաղության» կհնչի Ստեփանակերտում՝ անկախ Ադրբեջանի հայտարարություններից

Հակամարտության գոտիներում բնակվող երիտասարդ երաժիշտներին աջակցություն ցուցաբերող «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի անդամներին չեն վախեցրել Ադբեջանի հոխորտանքները: Երաժիշտները հաստատակամ են փետրվարի 6-ին համերգով հանդես են գալու Ստեփանակերտում՝ անտեսելով Ադրբեջանի ԱԳՆ-ի վրդովմունքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի հիմնադիր, սաքսաֆոնահար Վիտալի Վատուլյան նշեց, որ իրենց նախաձեռնությունը մարդկանց համար է և ընդհանրապես քաղաքական չէ:

«Այն, ինչ մենք անում ենք, փորձում ենք անել հակամարտության երկու կողմերում էլ: Մենք ամիսներ առաջ Ադրբեջանին ուղարկել ենք այնտեղ հանդես գալու առաջարկ և ցանկություն ունեինք Ադրբեջանի տարածքում անցկացնել մեր նախագիծը, սակայն մեր առաջարկն անպատասխան է մնացել: Ադրբեջանի ԱԳՆ-ի նամակը մոտս շփոթմունք առաջացրեց, որովհետև մենք ոչ մի բան չենք քարոզում, ինչպես գրված է նամակում, մենք ուղղակի երաժշտություն ենք նվագում և ոչ մի քաղաքական հայտարարություն չենք անում»,-նշեց Վատուլյան՝ հավելելով, որ, օրինակ, Բալկաններում իրենք հանդես են եկել հակամարտող երկու երկրներում, և մարդկանց արձագանքն ամենուր դրական է եղել:

Վատուլյան նշեց նաև, որ փետրվարի 4-ին Երևանում անցկացված համերգն իրենց բոլորին շատ է ոգևորել, և իրենք անհամբերությամբ սպասում են արցախյան ելույթին: Երաժիշտներն այս օրերին հասցրել են լինել Հայաստանի տեսարժան վայրերում, գնել են դուդուկ, իսկ այս պահին Արցախի ճանապարհին են:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը փետրվարի 4-ին նամակ է ուղարկել նախագծի հիմնադիրներ Վիտալի Վատուլյային և Մարիա Նեմցովային, որում նշել է, թե «համերգն անցկացվում է Ադրբեջանի գրավյալ տարածքներում, և նմանատիպ համերգը նվաստացման և լիակատար անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ավելի քան մեկ միլիոն ադրբեջանական փախստականների և բռնի տեղահանված մարդկանց համար, ովքեր էթնիկ զտումների արդյունքում արտաքսվել են այդ տարածքներից»: ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը երաժիշտներին կոչ է արել «չի րականացնել քաղաքական քարոզչություն»:

«Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագիծն Հայաստան են հրավիրել Արամ Խաչատրյանի անվան տրիոն և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը: Միջազգային բարեգործական նախագիծն ստեղծվել է 2011 թվականին: Արդեն իրականացվել է մի քանի հարյուր համերգ՝ աշխարհի տարբեր երկրներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում