Ադրբեջանցի քաղաքագետը ծիծաղելի է համարել ԼՂ խնդրի կարգավորման Ալիեւի առաջարկները

Ադրբեջանցի քաղաքագետը ծիծաղելի է համարել ԼՂ խնդրի կարգավորման Ալիեւի առաջարկները

Ադրբեջանի «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արաստուն Օրուջլուն «միանգամայն ծիծաղելի» է բնութագրել Մյունխենի անվտանգության համաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի արած «առաջարկները»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքին տված հարցարույցում անդրադառնալով Ալիեւի մյունխենյան ելույթին, Օրուջլուն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական հասարակությանն «աջակցելու» մասին Ալիեւի արտահայտած մտքերը «հեգնանքից բացի, այլ բան չէ»:

«Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը վերացրած Ալիեւի ու իր կառավարության կողմից Ղարաբաղում քաղաքացիական հասարակությանն աջակցելու մասին խոստումները միանգամայն ծիծաղելի են եւ հնչում են որպես հեգնանք: Դա կարող է միայն ծիծաղ առաջացնել աշխարհում: Խոսք չի կարող լինել նաեւ սոցիալ-տնտեսական համագործակցության մասին», -ասել է նա:

Օրուջլուն նշել է, որ այդ մասին Ալիեւը, ամենայն հավանակությամբ, խոսել է ԼՂ հարցում իր դիրքը «հիմնավորելու» համար: «Ես չեմ կարծում, որ նրա այդ խոսքը կարող է ազդեցություն ունենալ: ԼՂ հակամարտության կարգավորման հարցը գտնվում է ԵԱՀԿ վերահսկողության տակ, որը լավ գիտի դրա բոլոր տարրերը: Ամեն ասած չէ, որ ճմարտություն է», -ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում