Պատգամավորների բացակայությունների ստուգումները Ծառուկյանի դեմ չեն ուղղված. Գալուստ Սահակյան
Նմանատիպ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելուն ուղղված քայլերին, վստահեցրեց, որ թե՛ ինքը, թե՛ իրենց քաղաքական թիմը փորձել են այնպես անել, որպեսզի լարվածություն չառաջանա խորհրդարանում և համագործակցություն լինի։
«Բայց դա էլ իր վերջն ու վախճանը պետք է ունենար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց նա:
Հարցին, թե մինչ այժմ Ծառուկյանի հարգելի համարված բացակայություններն ինչպե՞ս են անհարգելի համարվելու, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ երբ արդեն ուսումնասիրությունները ավարտվեն, այդ ժամանակ նաև կասվի ձեզ, հանձնարարվել է աշխատակազմին, կներկայացնենք կզեկուցեն, այնուհետև կասեմ»։
Նրա խոսքով՝ ստուգվելու է 2014թ. աշնանային նստաշրջանում պատգամավորների հաճախելիությունը։ Պատգամավորները իրենց բացակայությունների համար հիմնավորումներ պետք է ներկայացնեն խորհրդարանի աշխատակազմին։ «Այնուհետեւ մենք կքննենք այդ տվյալները եւ կներկայացնենք արդյունքները»,- հավելել է Սահակյանը։
Դիտարկմանը, թե Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությո՞ւնը, թե՞ բացակայություններն են մանդատից զրկելուն ուղղված քայլերի պատճառը, Գալուստ Սահակյանը նկատեց. «Ձեռնարկատիրական գործունեությունը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում չէ… Կներկայացվի, կքննարկվի, ձեզ էլ տեղյակ կպահվի, ուսումնասիրությունը բևեռված չէ, բոլոր խմբակցություններին է վերաբերում, քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի»։
Իսկ եռյակի կողմից փետրվարի քսանին կազմակերպվելիք համապետական հանրահավաքի մասին Գալուստ Սահակյան ասաց. «Ես չեմ մասնակցելու, տագնապների կողմնակից չեմ, որ մտածեմ, ինչ է լինելու»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Նախագահը ասել է այն մասին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքականությունից հասկացող ու գրագետ մարդիկ, սակայն ԱԺ նախագահն էլ չի փայլում իր գրագիտությամբ, վերջինս արձագանքեց. «Գիտե՞ք դա ինչից է գալիս՝ ես ուսուցիչ եմ, բայց լավ ուսուցիչ չեմ եղել, դրա համար էլ Դուք այսօր այդ վիճակի մեջ եք»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում