Ադրբեջանին մեծ տնտեսական աղետ է սպասում

Ադրբեջանին մեծ տնտեսական աղետ է սպասում

2015 թվականը Ադրբեջանի տնտեսության համար սկսվեց բացասական ցուցանիշներով: Համաշխարհային շուկաներում նավթի գների կտրուկ նվազումը ի չիք դարձրեց Ադրբեջանի իշխանությունների կողմից անընդհատ հորջորջվող` «նմանը չունեցող տնտեսական զարգացման մասին» հեքիաթները: Նավթի վաճառքի վրա հիմնված տնտեսությունը սկսեց քայքայվել հենց նավթի վաճառքի նվազման եւ արժեզրկման հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ ուղղակիորեն էներգակիրներից կախված ադրբեջանական տնտեսության փուչիկ լինելու մասին սկսել են խոստովանել նաեւ իրենք` իշխանությունները:

Դրա առաջին ապացույցներից մեկն այն է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է 2015 թվականի առաջին ամսում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), անցյալ տարվա նույն ամսվա համեմատ, 18,2 տոկոսով նվազելու մասին: Եթե անցյալ տարի հունվարին ՀՆԱ-ի` բնակչության յուրաքանչյուր շնչին ընկնող ծավալը կազմում էր 465,6 մանաթ, ապա այս հունվարին այն կազմել է 375 մանաթ: ՀՆԱ-ի անկումը Ադրբեջանում կապված է նավթի գնի նվազման հետ:

Հարցը չի ավարտվում միայն Ադրբեջանի տնտեսության` դեպի քայքայում գնալու մասին պաշտոնական խոստովանությամբ: Բանն այնտեղ է հասել, որ ադրբեջանական կառավարությունը կրճատել է նախարարություններին հատկացված բյուջեի 30 տոկոսը (պետբյուջեի 6 մլրդ մանաթ մասը): Ընդ որում, գաղտնի հանձնարարվել է, որ պետական կառույցներում զանգվածային կրճատումները պետք է ներկայացնել որպես «բարեփոխումներ», որպեսզի բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չստեղծվեն: Բացի նավթարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններից, Ադրբեջանում զանգվածային կրճատումներ են սկսվել նաեւ պետական կառույցներում, որոշ նախարարություններ միացվել են իրար, բազմաթիվ պետական կառույցներ կամ վերացվել, կամ վերակազմավորվել են:

Թերթը գրում է, որ Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով «մեռյալ» վիճակում է հայտնվել անշարժ գույքի շուկան: Եթե ամեն տարի Ադրբեջանում 4-5 մլրդ դոլար ներդրումներ էր կատարվում անշարժ գույքի շուկայում, ապա այժմ այն գրեթե ամբողջությամբ կրճատվել է:

Ադրբեջանի տնտեսության անկման մյուս բացահայտ ցուցիչն էլ այն է, որ այդ երկրի ազգային արժույթը եւս սկսել է սրընթացորեն անկում ապրել, այն դեպքում, երբ 10 տարի շարունակ նավթային եկամուտների հաշվին այն համարվում էր քիչ թվով կայուն ցուցանիշներից մեկը:

Միայն հունվարին մանաթի կուրսը կայունացնելու համար Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է ծախսել: Ադրբեջանի կենտրոնական բանկը ստիպված է եղել նվազեցնել մանաթի` դոլարից կախվածությունը: Ադրբեջանի կենտրոնական բանկի երեկվա հայտարարությունից հետո այն մասին, որ ԿԲ-ն հրաժարվում է մանաթի կուրսը կապել դոլարի հետ, Բաքվի բնակիչները սկսել են զանգվածաբար ազատվել ազգային արժույթից:

Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ հայտնել են, որ բաքվեցիներն արդեն հասցրել են ձեռք բերել քաղաքի բոլոր փոխանակման կետերում եղած դոլարի եւ եվրոյի ամբողջ պաշարը: Բաքվում եւ Ադրբեջանի բոլոր շրջաններում արտարժույթի փոխանակման կետերը դադարեցրել են դոլարի եւ եվրոյի վաճառքը:

«Այս տարի Ադրբեջանին մեծ տնտեսական ալեկոծություններ, սոցիալական լարվածություն, զանգվածային գործազրկություն, բնակչության եկամուտների նվազում, մանաթի արժեզրկում եւ այլ նեգատիվ իրողություններ են սպասում: Մի խոսքով, 2015 թվականը իսկական «տնտեսական աղետ» է լինելու Ադրբեջանի համար», -ահազանգում է թերթը:

Ուշագրավ է, որ աշխարհում հանրահայտ Saxo Bank բանկի արտարժույթի ռազմավարությունների բաժնի ղեկավար Ջոն Հարդին հայտարարել է, որ ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի ամրապնդումն անհնարին է այն իրավիճակում, երբ արտահանումից երկրի եկամուտը կարճ ժամանակում կրճատվել է գրեթե 50 տոկոսով:

«Այն դեպքում, երբ նավթի գները զգալիորեն նվազեն եւ երկար ժամանակ ցածր մնան, դա կարող է մանաթի ավելի մասշտաբային արժեզրկում պահանջել, քան Ադրբեջանի կենտրոնական բանկն է ծրագրում իրականացնել ներկայում, ինչի արդյունքում կարող է ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծվել», -զգուշացրել է նա:

OPEK-ում Քուվեյթի ներկայացուցիչ Մուհամեդ աշ-Շաթթին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկա 5 տարիներին նավթի գները չեն կարող հասնել մեկ բարելի դիմաց 100 դոլարի:

Փորձագետները կանխատեսում են, որ նավթի համաշխարհային գներն իջնելու են 40 դոլարից էլ ցածր մակարդակի եւ հայտնում, որ գների նվազումը տեղի է ունենում կանխատեսվածից ավելի սրընթաց:

Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նույամին վերջերս հայտարարել էր, որ «Նավթ արտահանող երկրներ» կազմակերպությունը (OPEK) չի նվազեցնելու արդյունահանումը, եթե անգամ նավթի գներն ընկնեն մեկ բարելի դիմաց 20 դոլարի մակարդակի:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում