Ադրբեջանում երկարաձգել են իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանման ժամկետը

Ադրբեջանում երկարաձգել են իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանման ժամկետը

Բաքվի Նասիմիի շրջանի դատարանը եւս 5 ամսով երկարաձգել է հայտնի իրավապաշտպան, Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի կալանման ժամկետը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Լեյլա Յունուսը եւ նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա մոտ 100 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումը եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են:

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի:

Տեղական եւ միջազգային հանրության պաշտպանությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում