Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի, եթե Վրաստանին ՆԱՏՕ «ներքաշելու» փորձեր լինեն. Լավրով

Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի, եթե Վրաստանին ՆԱՏՕ «ներքաշելու» փորձեր լինեն. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՆԱՏՕ-ն գործնական քայլեր սկսի Վրաստանին դաշինքի մեջ «ներքաշելու» ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք քննարկեցինք մեր փոխգործակցությունը միջազգային ասպարեզում, ներառյալ Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունների մասնակցությունը Անդրկովկասի կայունությանն ու անվտանգությանը նվիրված Ժնեւի բանակցություններին: Մենք հաստատեցինք ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ կնքելու անհրաժեշտությունը, որոնք կբացառեին 2008 թվականի իրադարձությունների կրկնվելը»,-ասել Է նա փետրվարի 18-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դավիդ Սանակոեւի հետ բանակցությունների արդյունքներին:

Լավրովի խոսքով՝ «այդ խնդիրը հատկապես հրատապ Է ՆԱՏՕ Թբիլիսիին ներքաշելու չդադարող գործընթացի լույսով»: «Մենք միասնական Էինք այն հարցում, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունության ապահովման ջանքերին, եւ, բնականաբար, միասնական կլինենք, եթե այդ քայլերն սկսեն գործնական ուրվագծեր ստանալ: Դատելով ըստ ամենայնի, դա արդեն սկսում Է տեղի ունենալ, ուստի միջոցներ կձեռնարկենք՝ թույլ չտալու, որ այդ գործընթացները բացասական ազդեցություն ունենան իրադրության վրա»,-ընդգծել Է ռուսաստանցի նախարարը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ՌԴ-ի եւ Հարավային Օսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Դավիդ Սանակոեւը փետրվարի 18-ին Մոսկվայում պայմանագիր են ստորագրել պետական սահմանի մասին: Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ պայմանագրի ստորագրումը կարեւոր քայլ Է միջպետական հարաբերությունների իրավական-պայմանագրային բազայի ձեւավորման գործում: Գերատեսչությունում հույս են հայտնել, որ «այն վերջ կդնի վերջին ժամանակներս վրացական կողմի տարածած այն զրպարտություններին, թե իբր պատրաստվում Է Հարավային Օսիայի «բռնակցում», «կլանում», «միացում»: ՌԴ-ի ԱԳ նախարարությունում հավելել են, որ Հարավային Օսիայի, ինչպես եւ Աբխազիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները եղել եւ մնում են իրավահավասար բարեկամ պետությունների, փոխշահավետ, փոխհարգալից գործընկերություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում