Մահչուփյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկին կապել է ղարաբաղյան հարցի հետ

Մահչուփյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկին կապել է ղարաբաղյան հարցի հետ

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանը թուրքական «Արդար հիշողություն» նախաձեռնությանը լայնածավալ հարցազրույց է տվել` անդրադառնալով գլխավոր խորհրդականի իր գործունեությանը, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին սպասվող զարգացումներին, Չանաքքալեի տոնակատարություններին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Խոսելով իր` վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակվելու գործընթացի մասին` Մահչուփյանը փաստել է, որ ինքն ամբողջապես աջակցում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: «Վարչապետ Ահմեդ Դավութօղլուին` որպես մտավորական և ակադեմիկոս, միշտ հավանել եմ: Որպես ընկեր` կցանկանայի, որ հաջողակ լինի: Նրա խորհրդականը լինելու որոշումն ընդունել եմ երեք րոպեի ընթաքում: Երբ ասաց, որ կցանկանա միասին աշխատենք, ասացի` իհարկե»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է պոլսահայ մտավորականը` հավելելով, որ իր նշանակումը որևէ կերպ կապ չի ունեցել հայկական հարցի հետ: Ամեն դեպքում սա, Մահչուփյանի գնահատմամբ, ապացույցն է նրա, որ «պետությունը խտրականություն չի դնում իր քաղաքացիների միջև»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` նա կարծիք է հայտնել, որ դա միայն փաթեթային լուծման միջոցով է հնարավոր: Նա կրկին պայմանավորել է հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններով և ղարաբաղյան հարցով:

Անդրադառնալով ապրիլի 24-ին նախատեսվող միջոցառումներին` Մահչուփյանը նշել , որ այս ժամանակաշրջանն ասես «կաթվածահար է անում մարդկանց»: «Կարծում եմ` 2015 թվականի ապրիլից հետո շատ ավելի հանգիստ շրջան է սկսվելու»,- նշել է խորհրդականը` հավանական համարելով Թուրքիայում իշխող կուսակցության կողմից այս տարի մի շարք միջոցառումների առաջ քաշումը:

Անդրադառնալով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին` Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը կարծիք է հայտնել, որ թերթը դադարել է բոլոր հայերին ներկայացնող մարմին լինելուց և վերածվել է ձախակողմյան հայացքներ ունեցող, աշխարհիկ հայերի հատվածը ներկայացնող տպագիր օրգան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում