Թբիլիսիի նոր քաղաքագլուխը կիսով չափ քիչ Է ստանում, քան իր նախորդը

Թբիլիսիի նոր քաղաքագլուխը կիսով չափ քիչ Է ստանում, քան իր նախորդը

Թբիլիսիի քաղաքապետարանը տեղեկատվություն Է հրապարակել աշխատավարձերի, պարգեւավճարների եւ աշխատավարձի հավելավճարների մասին, որի համաձայն՝ քաղաքի կառավարության նախկին ղեկավարությունն ավելի շատ Է ստացել, քան այժմյան ղեկավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Համեմատության համար բերվել են տվյալներ 2013 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2014 թվականի հունարի 31-ն ընկած ժամանակամիջոցում, երբ քաղաքագլուխը եղել Է արդեն նախկին կառավարող՝ «Ազգային միասնական շարժում» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան, եւ 2014 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 31-ը, այսինքն՝ քաղաքում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Անցյալ տարվա հուլիսին Թբիլիսիի քաղաքագլխի ընտրություններում հաղթանակ Է տարել «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի ներկայացուցիչ Դավիթ Նարմանիան:

«Նրանց (քաղաքապետարանի նախկին ղեկավարության) ստացած պարգեւավճարների եւ աշխատավարձերի հավելավճարների ընդհանուր գումարը շատ ավելի Է, քան դրանք տրվում են մեր կառավարման պայմաններում: Եվ մենք պատասխանեցինք անվերջանալի մեքենայություններին եւ հասարակությանը բաց ու թափանցիկ տեղեկատվություն տրամադրեցինք այն մասին, թե քաղաքապետարանում ինչպիսին Է եղել եւ այսօր ինչպիսին Է հավելավճարների համակարգը»,- հայտարարել Է Նարմանիան:

Վերջին կես տարում Նարմանիան որպես աշխատավարձ ստացել Է 18 հազար 921 լարի (շուրջ 8,8 հազար դոլար): Նրա նախորդը՝ Ուգուլավան, ստացել Է կրկնակի շատ՝ 41 հազար 473 լարի (շուրջ 19,4 հազար դոլար), դրանից որպես աշխատավարձ սոսկ 14 հազար 888 լարի (շուրջ 6,95 հազար դոլար), իսկ մնացածը՝ պարգեւավճարներ եւ աշխատավարձի հավելավճարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում