Եռյակը դե ֆակտո կնքեց իր մահկանացուն
Նմանատիպ
Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
2015թ. փետրվարի 20-ին Եռյակը դե ֆակտո կնքեց իր մահկանացուն, մահախոսականով հանդես եկան Րաֆֆի Հովհաննիսյանը և Լ.Տեր-Պետրոսյանը: Իհարկե եռյակն այսպես թե այնպես գոյություն չուներ, հիմա արդեն իրենց` այդ եռյակի անդամների շուրթերով հնչեց վերջապես: Ճիշտ են ասում. ոչ իշխանական ուժերի եռյակը, փաստորեն Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաարագ կապիտուլյացիայի ենթարկված միավորումն էր…
Ախր կուպեցն ու՞ր, բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ու՞ր…Բուրժուան ո՞վ էր ախր…Իսկ Ծառուկյանը <<կուտը>> կերել էր , այդպես էլ երևի չհասկացավ, որ ինքն օգտագործվեց, թե′ առաջինի, թե′ երկրորդի կողմից, որ իր ձեռքերով, իր փողերով փորձ էր արվում ընդամենը կրակից շագանակներ հանել…
Ինչևէ, արագ խաղաղվեց առավոտյան զեփյուռից մի փոքր ալեկոծված հայաստանյան քաղաքական ճահճացած լճակը: Հիմա էլ հույսեր են կապում դատարկ տեղերը լցնելու, լճակն ալեկոծելու համար:
Իսպառ հեղինակազրկված, բզկտված, ապակենտրոն <<Ժառանգությո՞ւնը>>, նախադպրոցական-նախախորհրդարա՞նը…Ո՞վ… Ամեն ինչ, ամեն ոճ, ամեն ճանապարհ օգտագործած Հ՞ԱԿ-ը…Հավանաբար դրա համար, երբ հնչեց Լևոն Տեր-Պետրոսյանի. ես քաղաքականությունից հեռացած ՀՀ առաջին նախագահ եմ հայտարարությունը, սկսեց կենդանության, ակտիվության նշաններ ցույց տալ ՀԱԿ-ի սև կարդինալը` Լևոն Զուրաբյանը, իր երկարաշունչ ելույթներով, հայտարարություններով ու հարցազրույցներով: Բայց եթե հանրագիտական գիտելիքներով, քաղաքագիտական վերլուծության առանձնակի ունակություններով, իր խարիզմայով, հռետորական վարպետությամբ առաջին նախագահը հաջողությունների չհասավ, ապա ի՞նչ պետք է անի Զուրաբյան Լյովիկը: Ինչ կարող էր նա արեց` մասնատեց ՀՀՇ-ի վերջին փշրանքները, նսեմացրեց և իզգոյ դարձրեց իրենց շարժման ակտիվ, խելացի, խարիզմատիկ, գրագետ, ինքնուրույն մտածելակերպով օժտված բոլոր քաղաքական գործիչներին: Եվ արդյունքում ՀԱԿ-ում գրեթե մնացին կամազուրկները, ենթարկվողները, ֆանատիկները, զոմբիները, ԲՏՌ-ները և մի զգալի գորշություն` թույնով և թշնամանքով լեցուն: ՀԱԿ-ը այլևս ՀԱԿազդելու, ՀԱԿառակվելու ուժ չունի, նրան մնում է համընթաց տրվել հոսանքին ու հաճույք ստանալ…
ՀԱԿ-ը վերածվել է մի բազմաքանակ սեկտայի, իրենց առաջնորդին նվիրված <<վկաների>> խառնամբոխի, որոնց համար աշխարհը և բոլոր արժեքները մեկ կենտրոն ունեն ու մեկ անձի շուրջն են պտտվում…Իսկ Զուրաբյանը այդ անձի չորսկողմով թռվռալով հասավ նրան, ինչին հասավ…Բայց այնուամենայնիվ նա այն անձը չէ, որ կարող է ղեկավարել սրբություն, համատեղ դժվարություններ, նեղություններ կրած ընկերներին դատափետող, արժեքներ չճանաչող այդ ֆանատիկներին…
Սպասենք ՀԱԿ-ի հերթական տրոհմանը, մասնատմանը, բաժանմանը, բազմացմանը…Իսկ ովքե՞ր կամ ավելի ճիշտ ինչե՞րն են այդպես բազմանում…Ճի′շտ եք, միաբջիջ կենդանիները…