Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, այլ ոչ թե ուղղակի տեղահանում. Օվե Բրինգ

Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, այլ ոչ թե ուղղակի տեղահանում. Օվե Բրինգ

Շվեդական ռադիոյով փետրվարի 19-ին հեռարձակվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պրոֆեսոր Օվե Բրինգի հետ հարցազրույց: Օվե Բրինգը հանդիսանում է միջազգային իրավունքի ասպարեզում Շվեդիայի հեղինակավոր մասնագետներից մեկը և ցեղասպանությունների թեմայով բազմաթիվ մենագրությունների և հրապարակումների հեղինակ է։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պրոֆեսոր Բրինգը ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիայում տիրող իրավիճակը՝ ընդգծելով, որ երկրի կառավարությունն ուներ կայսրության տարածքում ապրող հայ և այլ քրիստոնյա փոքրամասնությունների միաձուլման խնդիր, ինչն իրականացվեց բնաջնջման ճանապարհով՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում ստեղծված իրավիճակից:

Պրոֆեսոր Բրինգը ներկայացրել է Ցեղասպանության ընթացքը` ընդգծելով դրա փուլային բնույթը, ինչի արդյունքում նախ ձերբակալվեց և սպանվեց հայ մտավորականությունը, որից հետո տեղահանվեց և գաղթի ճանապարհին բնաջնջվեց բնակչության մյուս հատվածը՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ։ Համեմատականներ անցկացնելով այլ ցեղասպանությունների հետ՝ պրոֆեսոր Բրինգը նշել է, որ փուլային բնույթ են կրել նաև Հոլոքոստը, Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությունը և այլ զանգվածային բնաջնջումներ։

Օվե Բրինգն ընդգծել է, որ այն, ինչ կատարվեց հայերի հետ Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն էր, այլ ոչ թե ուղղակի տեղահանում, քանի որ տեղահանումը ենթադրում է մարդկանց խմբի վերաբնակեցման կազմակերպում, նախապես անհրաժեշտ պայմանների ստեղծում և բնակավայրերի պատրաստում։ Շարունակելով իր խոսքը՝ պրոֆեսորը նշել է, որ հակառակ դրան` հրամայված էր գաղթի ճանապարհին որքան հնարավոր է շատ հայերի սպանել։

Ավարտելով իր խոսքը` Օվե Բրինգը նշել է, որ տարբեր հաշվարկներով Ցեղասպանության տարիներին սպանվել է 1-1.5 մլն մարդ, կան 1916թ. հրապարակված տվյալներ մոտ 900 հազար սպանվածների վերաբերյալ, ինչպես նաև բազմաթիվ վկայություններ: «Ցեղասպանության արդյունքում է, որ ներկայումս հայերը սփռված են ամբողջ աշխարհով մեկ», – շեշտել է պրոֆեսորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում