Տեր Պետրոսյանի քաղաքական սխալները
Նմանատիպ
Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հետաքրքիր է, որևէ մեկը փորձել է հասկանալ ՀՀ 1-ն նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առումով «վերջում պապիկը միշտ անսխալ է դուրս գալիս» բնորոշման հիմքերը: Իրականում այդպես չէ, և ես կարծում եմ, որ դա շրջանառվել է նրան հավատարիմ մնացած անցանց, և հատկապես ջահելների կողմից: Եվ դրա հիմքում ընկած է հասարակ մի դրույթ՝ երբեք չխոստովանել սեփական սխալների մասին: Որպեսզի չլինեմ մերկախոս՝ հիշատակեմ մի շարք իրադարձություններ: 1995թ. նա չկարողացավ համոզել ընդդիմախոսներին, որ Սահմանադրությունը «չի կարվել իր չափսերով», իսկ եթե նույնիսկ տեսականորեն համոզելու խնդիր է առաջանում, ապա նշանակում է, որ տվյալ անձի վարքն այնքան էլ անբասիր չէ: Մեկ տարի անց նա այլոց օգնությամբ փորձեց «համոզել» ընդդիմությանը իր վերընտրության առումով, և որպես դրա արդյունք 2 տարի անց հրաժարական տվեց: Մի դեպքում նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու, այլ դեպքերում չմասնակցելու առումով բան չասեմ: 2007-ին վերադառնալով քաղաքականություն՝ Վ.Մանուկյանի հետ համագործակցության համար պետք է ընդուներ տասնամյա վաղեմության իր սխալը. չընդունեց, և որպես այդպիսին ներկայացրեց երկու ղարաբաղցիներին Երևան բերելը, չնայած դա հաստատ իր ձեռքի գործը չէր՝ ինքը չէր բերողը: 2007-ին կազմավորվող շարժման համար որպես նշանաբան արտասանեց Չարենցի «Մահվան տեսիլ»-ը, և դուրս չեկավ իրեն սպասող զանգվածների մոտ: Բոլորիս պարտությունից հետո որոշ ժամանակ անց ցուցադրական փքաշքությամբ (помпезностью) հիմնադրեց Կոնգրեսը, և շատ չանցած քաղաքագիտական վերլուծությամբ ինքն էլ քանդեց այն՝ իրենից վանելով քաղաքական դաշտում շատ թե քիչ արժեք ներկայացնող անձանց. մնացին հիմնականում ջահելները, որոնց համար երևի հետաքրքիր է լինել երրորդ հանրապետության 1-ն նախագահի կողքին: Շարունակելով թիվ մեկ օլիգարխի հետ համագործակցությունը՝ հասավ ոչ թե իր նպատակին՝ վարչակազմի կազմաքանդմանը, այլ ընդամենը քրեաօլիգարխիկ բուրգում ճեղքվածքի առաջացմանը, և վերջինիս համար խնդիրների առաջացմանը, չնայած հանուն դրա չէր նախաձեռնել այդ համագործակցությունը: Կարծում եմ, որ այս ամենը բավարար է, որպեսզի ինքը հետևի տարիքի առումով իր խոսքին՝ տեղն ազատելով այլոց համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում