Ռիչարդ Հովհաննիսյանը Զարուհի Փոստանջյանի նախագծին 2 կնշանակի. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԱԺ-ը մերժել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն hանցագործություն համարելու և դատապարտելու մասին» նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 9 պատգամավոր, դեմ՝ 6։ Դիվանագիտական նկատառումերից ելնելով՝ ՀՀԿ 65 պատգամավոր ձեռնպահ մնաց։
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ նախկինում պատգամավորներն արդեն հանդես էին եկել Օսմանյան կայսրությունում ազգերի Ցեղասպանության մասին համատեղ հայտարարությամբ, որը կազմել էին ԱԺ բոլոր խմբակցությունները, այդ թվում՝ «Ժառանգությունը»:
«Իզուր է քեզ թվում, որ դու ամենախելացին, ամենասրտացավն ես»,- Փոստանջյանին դիմեց Մարգարիտ Եսայանը:
ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը նախագծի վերաբերյալ այսպես արձագանքեց. «Դատապարտելի է, երբ ազգային ողբերգությունն օգտագործում են նախընտրական կամ ընտրական կամպանիաների, անձնական ամբիցիաների բավարարման կամ քաղաքական օրգազմ ապրելու համար»:
ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, որ ներկայացված նախագիծը կաղում է և մասնագիտական, և քաղաքական ձևակերպումների առումով՝ խորհուրդ տալով ծանոթանալ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի աշխատություններին, ով հայ պատմագիտական մտքի հսկաներից է.«Ուղարկեք Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը Ռ. Հովհաննիսյանին և նա դպրոցական գնահատական` երկու կնշանակի մասնագիտորեն ոչ խոհեմ և ոչ գրագետ ներկայացված փաստաթղթին: Չի կարելի պատմագիտությունը բերել` իջեցնել այդ մակարդակին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում