«Ռուսական կողմը հայտարարեց, որ նամակ չի ստացել. սա զավեշտ է, սպասում ենք Կոստանյանի արձագանքին». Երվանդ Վարոսյան
Նմանատիպ
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ընտանեկան սպանդից քառասուն օր անց միայն Ավետիսյանների հարազատները սկսեցին բարձրաձայնել, որ ՀՀ իշխանություններն այս հարցում անգործության են մատնված, որ նախաքննության ընթացքին չեն վստահում, ու եթե առաջիկա օրերին սպանության հիմնական դրդապատճառը հայտնի չդառնա իրենց, ապա կդիմեն կտրուկ գործողությունների՝ բողոքի ցույցեր, նստացույց եւ այլն:
Անդրադառնալով Ավետիսյանների հարազատների այս հայտարարություններին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, թե այստեղ 2 տեսակետ կա.
«Մեկն ընդհանուրի տեսակետը՝ որպես հանրություն, եւ Ավետիսյանների տեսակետը՝ որպես քրեական գործով որոշակի սուբյեկտ հանդիսացող անձանց, որովհետեւ իրենք տուժողների իրավահաջորդներն են նաեւ: Հիմա կոնկրետ չգիտեմ՝ իրենց ինչքան տեղեկատվություն է տրամադրվել՝ հաշվի առնելով նրանց դատավարական կարգավիճակը: Կարծում եմ, որ այս գործով նախաքննական մարմինն իրոք գուցեեւ պարտավոր էր շատ ու շատ հարցեր հաշվի առնելով՝ եթե ոչ մեզ որպես հանրության ներկայացուցիչներ, բայց գոնե տուժողների իրավահաջորդներին տալ այնքան տեղեկատվություն, որ իրենց բավարար լիներ եզրահանգումներ անել փաստերի հիման վրա, քանի որ մենք այսօր լսում ենք վերլուծություններ, ենթադրություններ, որոնք հիմնված չեն փաստերի վրա, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ փաստերի էլ չեն տիրապետում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ մեզ հետ զրույցում սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերն, ովքեր սույն գործով տուժողի իրավահաջորդներ են ճանաչվել, պնդել են, որ նախաքննական մարմինն իրենց որեւէ մանրամասներ չի ներկայացրել գործի վերաբերյալ, հաղորդվել է այն, ինչ իրենք ամեն օր լսում են հեռուստատեսությամբ:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդում է, որ օրենքը նախատեսում է, որ Ավետիսյանների հարազատները, լինելով գործում ներգրավված դատավարության սուբյեկտներ, պետք է ունենան ավելի շատ տեղեկություններ, քան հանրությունը:
«Տուժողի իրավահաջորդներն այս պահի դրությամբ պետք է առնվազն ծանոթ լինեն քրեական գործի շրջանակներում փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին եւ ստացված փորձագետի եզրակացություններին, սա օրենքով է նախատեսված, եւ դրա իրավունքն իրենք ունեն ի տարբերություն մեզ: Եվ ոչ միայն գտնում եմ, որ այդ փաստաթղթերին պետք է ծանոթացած լինեին, այլ նաեւ սա այն գործն է, որ վարույթն իրականացնող մարմինը գուցեեւ, որովհետեւ դա իր իրավասությունն է՝ որոշել կողմին ինչքան նյութ տրամադրել ծանոթացման համար, այսինքն Ավետիսյաններին պետք է տրամադրվեր շատ ավելի ինֆորմացիա: Ուշ թե շուտ նախաքննությունն ավարտվելու է, եւ քրեական գործի նյութերը հասու են դառնալու նաեւ հանրությանը: Այդ ժամանակ հետ նայելով կհասկանանք՝ ինչի էին տիրապետում մեր քննիչները եւ ինչի չէին տիրապետում»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ապա Երվանդ Վարոսյանն անդրադարձավ Գ.Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակին ու դրա շուրջ բարձրացված աղմուկին, նշեց. «Որոշակի տեղեկատվություն մեզ մատուցեցին, թե ինչի մասին է նամակը, ճիշտ է՝ բովանդակությունը չհրապարակվեց: Հիմա մի կողմն ասում է՝ ուղարկվել է, մյուս կողմն ասում է՝ չի ուղարկվել. սա զավեշտի է նման, հիմա ես սպասում եմ գլխավոր դատախազության մեկնաբանմանը այս հարցին: Իհարկե եթե ավելի շուտ դիմեր, լավ կլիներ, բայց ի սկզբանե Պերմյակովն այնտեղ չպետք է հայտնվեր, որտեղ հիմա գտնվում է: Հերիք չի ժամանակի ուշացումով այդ նամակը հղվեց, հիմա չգիտենք էլ հղվեց-չհղվեց, ռուսական կողմը պատասխանում է, որ չի էլ ստացել, որ պատասխանի, արդեն չգիտեմ էլ ինչ ասեմ: Պերմյակովը պետք է հանձնվեր, սակայն հաշվի առնելով ռուսական կողմի դիրքորոշումն ի սկզբանե՝ ես կարծում եմ, որ իրենք եթե չուզեն, չեն հանձնի, դա ակնհայտ է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում